ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հանգամանալից անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու զարգացման դինամիկան։

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական զարգացմանը, պետական կառույցների կարողությունների հզորացմանը, օրենքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին ԱՄՆ ցուցաբերած օժանդակության կապակցությամբ: Էնթոնի Բլինքենը հայտնել է ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին։

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ վճռական դիրքորոշումը։ Այս համատեքստում հիշատակելով անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդպիսով ԱՄՆ վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության արժեքներին ու սկզբունքներին:

«Կողմերը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը։

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ԱՄՆ-ի՝ որպես համանախագահ երկրի դերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ ԱԳ նախարարը այցի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու: Այդ թվում հնարավոր է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )