ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՈՐԴՈՐՆԵՐԻՆ 

Երեկ ՀՀԿ հերթական համագումարում ՀՀ երրորդ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն իր ելույթում խնդրում և հորդորում եմ բոլորին՝ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին:

«Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար»,-ասաց Սարգսյանը՝ նորից ընդունելով, որ նորից պատրաստ է ընդունել իր սխալները։

Սերժ Սարգսյանի այս խոսքը, իրականում, կարելի է որպես դրական մեսիջ և միասնականության կոչ ընդունել՝ ուղղված տարբեր ճամբարների բաժանված ու պառակտված հասարակությանը, որ դադարեցնեն իրար մեղադրելն ու պիտակավորելը։

Բայց արդյո՞ք նրա այս հորդորին հետևում են իր թիմակիցները, հատկապես նրանք, որոնք պատգամավոր են և հաճախակի հայտնվում են էկրաններին՝ տարատեսակ մեղադրանքներ հնչեցնելով հասարակության այն հատվածի հասցեին, որոնք սատարել և սատարում են օրվա իշխանություններին։ Իհարկե, գուցե տեղին են այդ մեղադրանքներն ու կոշտ գնահատականները, ի վերջո, երկիրը կործանման եզրին հասցրած քաղաքական ուժին ու առաջնորդին սատարածներին դժվար է քաղցր խոսքերով բնութագրել։ Բայց նրանց այս պահվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում իրենց կուսակցության ղեկավարի հորդորների շրջանակում։

Եթե ՀՀԿ-ն՝ իր ղեկավարի գլխավորությամբ, այս մոտեցումն է որդեգրել, որ պետք չէ հանդիմանել «հեղափոխություն» կոչվածի մասնակիցներին, ուրեմն նրա թիմից ԱԺ գործուղված Աննա Մկրտչյանը չպետք է «Հայելի» ակումբում հայտարարեր․ «Ֆեյսբուքում Նիկոլի գրառումները հավանում ու տարածում են բացառապես դավաճաններն ու թուրքերը»։

Նույն կերպ, եթե Սերժ Սարգսյանի թիմակիցները անսան իրենց առաջնորդի հորդորին, չպետք է Ֆեյսբուքում և այլուր Փաշինյանի աջակիցներին ու նրա կազմակերպած ակցիաների մասնակիցներին անվանեն «դեբիլներ», «գոմիկներ», «տռանսեր», «աղանդավորների», «չլողացածներ», նաև «ժեխ», «զոմբի» և այսպես շարունակ։ Նույնիսկ, եթե դրանք ճիշտ բնորոշումներ են կամ դրանցում կա ճշմարտության տոկոս։

Եթե Սերժ Սարգսյանի կոչ-հորդորը՝  լինել միասնական ու չմեղադրել այլոց, ընդունում են իր թիմակիցները, ապա չպետք է թիրախավորեն ու պիտակավորեն ընդդիմադիր դաշտում գործող այլ քաղաքական ուժերի և անհատների, օրինակ՝ «Լուսավոր Հայաստանին» ու չանվանեն նրան «ստուկաչ», «գործ տվող», որքան էլ որ չանտեսենք այն փաստը, որ նույն «Լուսավորն» այսօր իսկպաես շատ հարցերում քաղաքական երկակի խաղեր է տալիս՝ սպասարկելով հաճախ օրվա իշխանությունների շահը։ Ի դեպ, այդ նույն «Լուսավոր Հայաստանին» ժամանակին մեղադրում էին նաև Սերժ Սարգսյանին «առընթեր» ընդդիմություն լինելու և ՀՀԿ-ին սպասարկելու մեջ։ Հիմա նրան պիտակավորում են։

Եթե Սերժ Սարգսյանի հորդորն իսկապես ընդունելի է բոլոր ՀՀԿ-ականների համար, լինեն նրանք երիտասարդ ու անփորձ, թե հնաբանակ և փորձառու, Արմեն Աշոտյանը, Հայկ Մամիջանյանն ու մյուսներն էլ պետք է փոխեն իրենց հռետորաբանությունը տարբեր քաղաքական ուժերի, հասարակության տարբեր շերտերի հասցեին արտահայտվելիս։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )