Հերոսի անվան դպրոցում՝ հուզիչ հրաժեշտ այբբենարանին
Երևանի Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցում տեղի ունեցավ առաջին դասարանցիների այբբենարանի հրաժեշտի հանդես։ 44֊օրյա պատերազմի հերոս` Գևորգ Արշակյանի անունը կրող դպրոցում այբբենարանի միջոցառումը վերածվեց իսկական խորհրդանշական հանդիպման՝ նվիրված ոչ միայն գիտելիքի առաջին հաղթանակին, այլև հիշողությանն ու շնորհակալությանը։
Միջոցառմանը ներկա էր հերոսի մայրը` Նաիրա Հովսեփյանը, ով մեծ հուզմունքով էր հետևում երեխաների ելույթներին։Ներկա էին նաև մի շարք բարձրաստիճան հյուրեր, զոհված հերոսների ծնողներ, Աժ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նրանց ներկայությունը միջոցառմանը հաղորդեց խոր իմաստ՝ ի նշան հարգանքի և հոգատարության հերոսների ընտանիքների նկատմամբ։
Փոքրիկներն իրենց կատարումներով՝ բանաստեղծություններով, երգերով ու պարերով փոխանցեցին մաքրություն, սեր և երախտագիտություն։ Այդ օրը այբբենարանից հրաժեշտ էին տալիս ոչ միայն փոքրիկները, այլև հուզված էր ամբողջ դպրոցը՝ հիշելով ու մեծարելով այն հերոսներին, որոնց անուններն ապրում են այդ կրթօջախի պատերին և իհարկե բոլորի սրտերում։