Հայր Ալիեւը 1993թ.-ից է Արցախի հետ բանակցային սեղանին նստել․ Գեւորգ Կոստանյան

«Ժողովուրդ» օթերթը գրում է․ «Պարզվում է` դեռեւս 1993-ին է հենց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Արցախը որպես բանակցային կողմ ընկալել: Այս բացահայտումը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է արել՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գաղտնազերծելով մի կարեւոր փաստաթուղթ: Պարզվում է՝ 1993 թվականին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը հանձնարարել է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ ԼՂՀ – ի ղեկավարների հետ (տե՛ս լուսանկարը): «Ադրբեջանի ղեկավարությունը երաշխավորում է Գերագույն մարմնի ղեկավար Ա. Ջալիլոդին բանակցություններ վարել Ադրբեջանի եւ ԼՂՀ ղեկավարների հանդիպման շուրջ»։
Եւ եթե Բաքուն մոռանում է այս մասին, հայկական կողմը հիշեցնում է այս կարեւոր դրվագը, ինչը պարզապես շրջադարձ կարող է առաջացնել բանակցություններում: Ընդ որում, այս փաստաթղթով, ըստ էության, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ճանաչել է Արցախը` որպես անկախ պետություն:

Նման ֆորմատով այս երկու սուբյեկտների միջեւ հրադադարի սահմանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել շուրջ 12 անգամ, մինչդեռ մինչեւ հիմնական հրադադարի պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի ռեժիմի պահպահման որեւէ պայմանագիր, ըստ Կոստանյանի, առկա չէ: Նրա խոսքով` այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է եկել որպես իրավահարաբերության սուբյեկտ, հաստատվում է մեկ այլ երկաթյա փաստարկով, որ հիմնական հրադադարի պայմանագիրը ստորագրվել է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, այլեւ Լեռնային Ղարաբաղի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Կոստանյանը հիշեցրել է նաեւ «Չիրագովը` ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման գործընթացի սահմաններում ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որը վերաբերում է ԼՂՀ ուղղակի ներգրավմանը, այդ թվում միջազգային իրավունքներ ձեռք բերելու եւ պարտավորություններ ստանձնելու եղանակով, ինչի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանի եւ կառավարության ներկայացուցչի փաստարկները մերժվեցին: Այսինքն` այս փաստաթուղթը իրավաբանորեն է հաստատում` Արցախը որպես բանակցային կողմ եւ անկախ պետություն ընկալվել է դեռեւս տարիներ առաջ:
«Կարծում եմ, որ սրանք իրավական այնպիսի փաստարկներ են, որոնց օգտագործումը բանակցային այս փուլում հրամայական է: Իսկ եթե չի արվում, դա իրավաբանորեն այլ որակում ունի…»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )