Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում
Դեկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» խորագրով գիտաժողով:Գիտաժողովը կազմակերպվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ՝ «Էջմիածին» ամսագրի 75-ամյակի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թ. «Ընտանիքի տարի» հռչակելու շրջանակներում: Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:«Գիտաժողովի սիրելի՛ մասնակիցներ,Հոգու բերկրանքով ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ, որ սիրով ու պատրաստակամությամբ արձագանքել եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին և այսօր մատենադարանի կամարների ներքո համախմբվել եք այս գիտաժողովին՝ նվիրված «Էջմիածին» ամսագրի 75-ամյակին: Ուրախ ենք, որ 2019 թվականը «Ընտանիքի տարի» հռչակված լինելու առիթով գիտաժողովը կարևորելու է «Էջմիածին» ամսագրում և Մայր Աթոռի հրատարակություններում հայրենիքի և ընտանիքի գաղափարների արծարծումը: Արդարև, ազգը ամուր է ընտանիքով, և հայրենիքն ու պետությունը ամուր են ընտանիքներում խնամված արժեքներով ու սնուցված ոգով: Աստվածամերժ տարիներին ընտանիքներում պահպանված քրիստոնեական ավանդներով մեր ժողովուրդը չհեռացավ իր Եկեղեցուց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ միշտ անսալով իր հավատքի դարավոր օրրանի հոգեխնամ ձայնին և օրհնաբեր ներկայությանը իր կյանքի բոլոր բնագավառներում: «Արարատ» ամսագրի ընդհատված լուսավորչական առաքելության շարունակողը և Հայ Եկեղեցու վերազարթոնքի բարելուր խորհրդանիշը դարձավ «Էջմիածին» ամսագիրը: Երկրորդ աշխարհամարտի ծանր տարիներին երջանկահիշատակ Գևորգ Զ Չորեքչյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով վերահաստատված Մայր Աթոռի պարբերականը՝ հակառակ առկա արգելքներին ու հետապնդումներին, համարձակ խոսեց իր հավատավոր զավակների հետ, նրանց ջամբելով մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կենարար հավատքի լույսը, որը փոխանցել են մեր սուրբ հայրերը: Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր խոսքը, գիտական միտքը շարունակեցին պտղաբերել նվիրյալ ու լուսամիտ եկեղեցականաց շնորհիվ, որոնք Աստծու բարերար կամոք այդ բարդ ժամանակներում կարգվել էին հովվելու Տիրոջ հոտը:Եկեղեցականների և մտավորականների հոգևոր, բարոյախրատական քարոզների, աստվածաբանական, հայագիտական, արժեքավոր ուսումնասիրությունների շնորհիվ անխաթար մնաց մեր ժողովրդի կապն ու հաղորդակցությունը նախնյաց սրբազան ժառանգության հետ: Ինքնաճանաչման ու շարունակ հոգևոր նորոգության ու զարգացման այս ուղիով մեր ժողովուրդը պիտի մնա հզոր մշակույթ և հոգևոր ուրույն դիմագիծ ունեցող ազգերի շարքում՝ միշտ հավատարիմ իր հավատքին ու սրբություններին, Արարատահայաց իր հայրենիքին, իր ինքնությանն ու արժեքներին: Հայրենիքի խաղաղ կյանքն ու առաջընթացը և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբումը հայրենիքի շուրջ մշտապես եղել և մնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության կարևոր հանձնառություններից: Այդ առաքելությունից անմասն չեն մնացել Մայր Աթոռի պաշտոնական ամսագիրն ու մնացյալ հրատարակությունները:Սուրբ Էջմիածնի ինչպես պարբերական, այնպես և ոչ պարբերական հրատարակություններում չեն պակասել հայրենաճանաչությանը, մայր հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրումի, ազգային ինքնության ձևավորմանը վերաբերող նյութերը: Այդ ոգով «Էջմիածին» ամսագիրը իր նպաստն է բերել մայր հայրենիքում և սփյուռքում ազգային դիմագիծ ու գիտակցություն ունեցող սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: Երանաշնորհ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսի բնորոշմամբ՝ ամսագիրը այն միջոցն էր, որը պետք է համախմբեր սփյուռքի բոլոր հայերին իրենց սրբազան հայրենիքի ու Մայր Աթոռի շուրջ:Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հայրենիքի և ընտանիքի ազգային մեր ընկալմանն առնչվող արժեքները տարատեսակ մտայնությունների և ազատական գաղափարախոսությունների պատճառով ենթարկվում են մշտական հարձակումների ու հարվածների: Եկեղեցին, որպես հոգևոր անառիկ բերդ և ազգային միասնության ու ամրության անխախտ պատվար, պիտի շարունակի իր ջանքերը այդ արժեքների անխաթար ու հարատև պահպանման և, եթե հարկ է, նաև՝ առողջացման համար: «Էջմիածին» ամսագրի հոբելյանին նվիրված այս գիտաժողովը և նման նախաձեռնությունները նույնպես կոչված են ծառայելու հոգևոր և ազգային մեր դարավոր ժառանգության պահպանման ու զարգացման և սերնդեսերունդ փոխանցման բարձր նպատակին», – ասաց Վեհափառ Հայրապետը:Նորին Սրբությունը, ջերմորեն շնորհավորելով Հրատարակչական բաժնի տնօրենին, «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրին և ողջ խմբագրակազմին պարբերականի համար պատկառելի այս տարիքի առիթով, իր հայրապետական գնահատանքն ու օրհնությունը բերեց Մայր Աթոռի հրատարակչական աշխատանքներում ներգրավված նախկին և ներկա բոլոր աշխատակիցներին, աղոթքով հիշեց նաև բազմամյա այս ծառայության ընթացքում նվիրումով և սիրով ամսագրի անխափան լույս ընծայման պատասխանատվությունը ստանձնած բոլոր երախտարժան խմբագիրներին:Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բարձրյալի օրհնությունը հայցեց գիտաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին` գիտաժողովի աշխատանքներին մաղթելով արդյունավոր ու բարի ընթացք:Այնուհետև գիտաժողովն սկսեց իր աշխատանքը: Չորս նիստերի ընթացքում ներկայացվեցին հետևյալ զեկույցները` «Հայրենիքի գաղափարը 1914-1920 թվականների՝ Մայր Աթոռին առնչվող փաստաթղթերում» (Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պ.գ.դ. Ամատունի Վիրաբյան), « Հայրենիքի և ընտանիքի գաղափարը Ս. Էջմիածնի հրատարակություններում՝ Հայաստանի երրորդ Հանրապետության շրջանում» (ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. Էդիկ Մինասյան), «Խրիմյան Հայրիկի դաստիարակչական հայացքները Մայր Աթոռի հրատարակություններում» (ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Սերժ Սրապիոնյան), «Հայրենիքի և հայրենասիրության թեման «Էջմիածին» ամսագրում (1940-1960-ական թվականներ)» (ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փ.գ.դ. Սեյրան Զաքարյան), «Ներսես Աշտարակեցու հայրենասիրությունը և ազգային խնդիրները Մայր Աթոռի հրատարակություններում» (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.դ. Վալերի Թունյան), «Հայ հոգևորականի կերպարն օտար այցելուների նոթերում» (Արշակ Մադոյան), «Ընտանիքի թեման «Էջմիածին» ամսագրի էջերում» (ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Լուսինե Վարդանյան), «Ընտանիքի վերաբերյալ հրապարակումները «Արարատ» ամսագրի էջերում» («Եվրոպական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի դասախոս, պ.գ.թ. Արման Մալոյան), «Ազգային հնագույն օրացույցերի իմացությունը որպես հայրենաճանաչության միջոց՝ Մայր Աթոռի հրատարակություններում» (ԳՀՃ դասախոս, ֆիզմաթ.գ.թ. Գրիգոր Բրուտյան), «Մեծ հայրենադարձության թեմայի արծարծումը «էջմիածին» ամսագիրի էջերում» (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, ավագ գիտաշխատողի պաշտոնակատար, պ.գ.թ. Անի Ֆիշենկճյան), «Հայրենիքի գաղափարի կենսունակությունը Իրանի հայ գաղթօջախում՝ ըստ «Էջմիածին» ամսագրի հրապարակումների» («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջի դասախոս, պ.գ.թ. Կարեն Մկրտչյան), «Եկեղեցական գույքի բռնագանձման դեմ պայքարի ազգապահպան նշանակությունը «Խրիմյան Հայրիկի հայրապետությունը» աշխատությունում» (ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ, պ.գ.թ. Սաթենիկ Ավոյան), «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամսագրային հրատարակությունները թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում. արագ հասանելիություն, մատչելիության առավել ապահովում» (ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, տ.գ.թ. Տիգրան Զարգարյան), «Հայրենիքի և ընտանիքի թեմայի արծարծումը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մայր Աթոռի տպագրած գրքերում» (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Սուքիասյան Համո, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Հայկուհի Առաքելյան), «Հայության մեծագույն խորհրդանիշը, որի լույսը ուժ և կորով է տվել ժողովրդին» (ՀԱԱՀ «Հասուն Հասկ» պաշտոնաթերթի գլխ. խմբագիր, բ.գ.թ. Անի Խուդավերդյան), «Անդրադարձներ Ուղեգրության և Ուխտագնացության ժանրերին» (Երևանի Ն. Գոգոլի անվան N35 դպրոցի տնօրեն, բ.գ.թ. Ասատուր Սարյան), «Հայ գաղթականության և ներգաղթի խնդիրների արծարծումը «Էջմիածին» ամսագրում» (Խ. Աբովյանի անվան ՊՄՀ դասախոս, ՍՎԴ, ԳՀՃ դասախոս, պ.գ.թ. Ավետիս Հարությունյան), «Ազգակցական կապեր մատնանշող հայերեն եզրերը և ընտանեկան հարաբերությունները վաղնջագույն ժամանակներում» (Վ. Բրյուսովի անվան ՊԼՀ Լ. Ստեփանյան), «Հայոց Եղեռնը Արքեպիսկոպոս Օրմանյանի խոհագրության և Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության մեջ» (ԳՊՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, ՍՎԴ, ԳՀՃ դասախոս, բ.գ.դ. Վաչագան Գրիգորյան): © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/06/1142328/