Հայտնի է՝ սննդամթերքի որ տեսակներն են օգնում կանանց նվազեցնել տարիքային հիվանդությունների զարգացման հավանականությունը
Բուսական սպիտակուցներով հարուստ սննդակարգը կապված է կանանց մոտ տարիքային քրոնիկ հիվանդությունների զարգացման ցածր ռիսկի հետ: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են The American Journal of Clinical Nutrition (AJCN) ամսագրում։
Գիտնականները վերլուծել են ավելի քան 48 հազար բուժքույրերի տվյալները, ովքեր հայտնել են իրենց սննդակարգի մասին: Նրանց առողջական վիճակին գիտնականները հետևել են 1984 թվականից մինչև 2016 թվականը: Պարզվել է, որ նրանք, ովքեր իրենց սննդակարգում ներառել են ավելի շատ բուսական սպիտակուցի աղբյուրներ, օրինակ՝ մրգեր, բանջարեղեն, հաց, լոբազգիներ, գետնանուշի մածուկ և մակարոնեղեն, տարիքի հետ ավելի քիչ քրոնիկ հիվանդությունների են բախվել: Բացի այդ, նրանք նաև առօրյա կյանքում էին ավելի անկախ և կարողանում էին ինքնուրույն հոգ տանել իրենց մասին, գնումներ կատարել և ճանապարհորդել։
Նրանց մոտ, ում սննդակարգում գերակշռում էր կենդանական սպիտակուցը (տավարի միս, հավի միս, կաթ, ձուկ, ծովամթերք, պանիր), 6%-ով բարձր էր ինքնազգացողության վատթարացման հավանականությունը:
Առհասարակ բավարար քանակությամբ ցանկացած տեսակի սպիտակուցի ընդունումը կապված է ավելի լավ ֆիզիկական վիճակի հետ, սակայն բուսական աղբյուրներն էլ ավելի օգտակար են, քանի որ նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակն ու արյան ճնշումը և բարձրացնում են ինսուլինի նկատմամբ զգայունությունը: