Հայտնաբերվել է հին եգիպտական արքայական բժշկի դամբարանը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ գտնվող Սաքարայի հնագիտական համալիրում իրականացված պեղումների ժամանակ միջազգային՝ ֆրանկո-շվեյցարական հնագիտական առաքելությունը հայտնաբերել է եզակի դամբարան, որը պատկանել է Հին Եգիպտական Հին Թագավորության դարաշրջանի բժշկի։
Ինչպես հայտնում է Եգիպտոսի Հնությունների եւ տուրիզմի նախարարությունը, բացահայտումը լույս է սփռում Պեպի 2-րդ փարավոնի օրոք՝ ՆՔ 23-22-րդ դդ կյանքի եւ մշակույթի վրա։
Դամբարանը, որ հայտնի է որպես «մասթաբա», պատկանել է բժիշկ Թեթի Նեբ-Ֆուին․ ով փարավոնի արքունիքում մի շարք կարեւոր պաշտոններ է ունեցել։ Նա ոչ միայն եղել է պալատական գլխավոր բժիշկը, այլ նաեւ՝ Սերքեթ դիցուհու քուրմը, գլխավոր ատամնաբույժը եւ նույնիսկ՝ դեղաբույսերի գլխավոր գիտակը, ում գիտելիքները անգնահատելի են եղել այն ժամանակվա բարձրաստիճան անձանց՝ տարատեսակ հիվանդություններից բուժման համար։
Չնայած այն բանին, որ դամբարանը թալանված է եղել դեռեւս հնում, վերջինիս պատերին պահպանվել են պատկերներ ու տեքստեր, որոնք եզակի տեղեկություններ են հաղորդում այդ դարաշրջանի մարդկանց կյանքի եւ մշակույթի մասին։
Հայտնաբերված պատկերները ներկայացրել են այդ դարաշրջանի կյանքի եւ մշակույթի ասպեկտներ, որոնք, ըստ գիտնականների, ցայժմ եղել են անհայտ։ Դրանք ներկայացրել են ոչ միայն ծիսական տեսարաններ, այլ նաեւ բժշկական պրակտիկայի մանրամասներ, բույսերի կիրառման ու կրոնական արարողությունների հետ կապված արժեքավոր դետալներ։
Դամբարանի ներսում հայտնաբերվել է սարկոֆագ, որի ներքին հատվածում պահպանվել են հիերոգլիֆային գրություններ։ Դրանք հաստատում են դամբարանի տիրոջ անունն ու տիտղոսներևը, ամրագրելով հետազոտողների տեսակետը։
Սաքարան հին եգիպտական դամբարանադաշտէ, որտեղ ներկայումս իրականացվում են բազմաթիվ հնագիտական պեղումներ։ Այն Եգիպտոսի ամենից արժեքավոր հնավայրերից է։ Այստեղ է գտնվում Ջոսերի աստիճանավոր բուրգը, որը մարդկությանը հայտնի նմանատիպ առաջին քարե կոթողն է։
Դամբարանադաշտը ակտիվ է եղել փարավոնների Առաջին Դինաստիայի ժամանակներից՝ 31-29-րդ դարեր ՆՔ։ Սաքարան շարունակում է ապշեցնել գիտնականներին ու հնագետներին՝ իր հարուստ գտածոներով, որոնք բացահայտում են նորանոր շերտեր հին եգիպտական քաղաքակրթության մասին։
Share This