Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու ճնշումը Թուրքիայի վրա, Հայաստանի համար անվտանգային առաջնահերթություն է և պե’տք է լինի

Վարդան Ղուկասյանի ուղերձը

Մարդկային երևակայությունը տանջող և անմեկնաբանելիորեն մղձավանջային մի երազ է Հայոց ցեղասպանությունը հայության կյանքում։ Նրա խորքային պատճառներից են ինչպես իր բնօրրանում հետապնդվող հայի քրիստոնեական, արիադավան ու մշակութաստեղծ ինքությունը, այնպես էլ թուրքի երբեք չանհետացող եղեռնաբաղձությունն ու դրա պասիվ դիտորդը դարձած հին Եվրոպան։

Ամեն տարի այս խորհրդանշական օրը ցեղասպանությունը վերապրած հայերի սերունդներս ակամա հաղորդակից ենք դառնում մեր պապերի ու տատերի անցած ողբերգությանը՝ և’ որպես մարդ, և՛ որպես հավաքականություն, այսինքն՝ ազգ։ Նրանց կրած չարչարանքներն այսօր հայերիս հավաքական գիտակցության մեջ վերածվել են հիշողական սարսափների, որ Սարդարապատի հերոսամարտի և Արցախյան գոյամարտի տարիներին պոռթկացել են իբրև արդարության վրեժ։ Չկա աշխարհում մի բժիշկ, որ կարող է բուժել հայի հիշողությունը ցեղասպանության բաց վերքերից, լինի դա ժամանակը, խաղաղ համագոյակցությունը թուրքերի հետ, բաց սահմանները, թե միջազգային հանրության՝ տարին մեկ արված հայտարարությունները։

Այդ վերքերի սպեղանին միայն մեկն է՝ ժխտողականության տեղ՝ պատմական հանցագործության ընդունում Թուրքիայի կողմից, վերադարձ մեր պատմական հայրենիք և հայեցի ու հզոր Հայաստանի կերտում։ Հայաստան, որում ինչ կառավարություն էլ գա ու գնա, չի վիճարկի սրբադասված նահատակների հիշատակը՝ ավելացնելով մեր ցավը, չի շեղվի մեր ազգային երազի իրականացումից՝ նյութապաշտության ու իրատեսության քողի տակ, ու չի շարունակի այն, ինչ թուրքերը սկսել են վաղուց։

Այսօր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված փաստացի ոչ մի քայլ չենք նկատում ՀՀ կառավարության կողմից։ Մինչդեռ դրա ճանաչմանն ու ընդունմանը հասնելով է հնարավոր կանխել հայատյացությամբ սնվող երկու պետությունների նորանոր ջարդերն ու զավթումները։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու ճնշումը Թուրքիայի վրա, Հայաստանի համար անվտանգային առաջնահերթություն է և պե’տք է լինի։

Share This