Հայկ Սարգսյանը ֆլեշմոբ է սկսում՝ ուղերձով դիմելով աշխարհասփյուռ հայությանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր Արարատի մարզում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադարձավ իր սկանդալային օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է 10 մլն դրամի դիմաց բանակում ծառայել ընդամենը մեկ ամիս։ Պատգամավորը, օգտվելով առիթից, որոշեց տեսախցիկների առաջ ուղերձով դիմել աշխարհասփյուռ հայությանը։
«Սիրելի՛ հայրենակից, եթե դու ցանկանում ես վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, սակայն ինչ-ինչ հանգամանքներով չես կարողանում դա անել, որովհետև քո համար քո այսօրվա ապրելակերպին հակասում է ՀՀ-ում երկու տարի ծառայելը, և եթե դու նպատակահարմար ես գտնում Հայաստան վերդառնալ և ծառայել արագացված ընթացակարգով և վճարել օրենքով սահմանված գումարը, խնդրում եմ՝ դրա մասին հայտնեք ինձ, դրա մասին տեղադրեք ձեր սոցիալական ցանցերի էջերում և նաև առանձին ուղարկեք ինձ»,-իր ուղերձն այսկերպ ձևակերպեց յուրահատուկ օրենսդրական նախաձեռնության հեղինակ պատգամավորը։
Նա նշեց, որ ինքը սրանով ֆլեշմոբ է առաջարկում անել, որպեսզի պարզ դառնա բոլորի համար՝ միգուցե այդ քաղաքացիների թիվն այնքան քիչ լինի, որ ինքն էլ մտածի, որ նման նախաձեռնության իմաստ ընդհանրապես չկա, օգտվողների թիվը շատ սահմանափակ է, և մյուս քաղաքացիների նման ասի՝ ոչինչ, թող նրանք չվերադառնան։ Բայց կարող է պարզվի՝ այդ քաղաքացիների թիվը տասնյակ հազարավոր է։
Նա նաև կարծիք հայտնեց, որ մեր պաշտպանության նախարարությունը, որը հայտարարել է, թե քաղաքացին պետք է առնվազն հինգ ամիս զինվորական ծառայություն անցնի, որ ստանա նվազագույն գիտելիքներ, պիտի ուսումնասիրի օտարերկրյա փորձը։
«Ես հեծանիվ չեմ հայտնագործել, նման փորձ կա աշխարհում, և խոսելով նաև բազմաթիվ քաղաքացիների հետ, նրանք նույնպես ասել են, որ մեկ ամիսը մեզ հարմար է», -ասաց պատգամավորը։