Հայկ Մարությանի եւ Արթուր Մեսչյանի հետ հանդիպումից հետո ներդրողները հեռացել են հիասթափված․ Գագիկ Ծառուկյանը խոսել է փաստերով

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է հանրային հնչեղություն ունեցող մի շարք հարցերի։ Մասնավորապես, նա ասել է, որ «ԿամԱԶ»-ների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվություններ ստանալու հայտարարություններն ասեկոսեներ են, որ լիարժեք պետք է ուսումնասիրվեն:
«Քննիչ հանձնաժողով կստեղծվի, կքննվի, և իրականությունը բոլորս կիմանանք՝ և՛ մենք, և՛ խորհրդարանը, և՛ երևանցիները»,-հավելել է ԲՀԿ առաջնորդը։ Հնչած հարցին, թե Ծառուկյանը բազմիցս ասել է, որ իր գործընկերները Երևանում շինթույլտվություններ ստանալու վերաբերյալ խոչընդոտների են բախվում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.
«Քանի որ հեղափոխությունից հետո ամեն մեկս պետք է աշխատանք կատարենք, ժողովրդի սպասելիքն իրականացնենք, մեր երկիրը զարգացնենք, և ամեն մեկն իր հնարավորությունն օգտագործի, կապ չունի՝ դիմություն է, թե ընդդիմություն: Ես կարող եմ օրինակ բերել՝ հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք անձամբ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,-փակագծեր է բացել Գագիկ Ծառուկյանը, մանրամասնելով, որ Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում հիմնադրել կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց, իսկ հյուրանոցային ցանցի տերը՝ երկու հյուրանոց: Այլ մանրամասներ նա չհայտնեց, ու մերժման պատճառների մասին հորդորեց դիմել Երեւանի քաղաքապետարան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )