Հայաստանում սկսվել է ջրծաղկի դեմ պատվաստումը. իրականացման մանրամասները եւ փուլերը
Հայաստանում ջրծաղկի դեմ պատվաստման գործընթացը սկսվել է հունվարի 31-ից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն տրամադրվել է առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներին։ Սկզբնական փուլում պատվաստվելու են 2023թ. նոյեմբերի 1-ից հետո ծնված երեխաները, որոնք արդեն մեկ տարեկան են։ Հաջորդ փուլում՝ 2027թ., կպատվաստվեն նաեւ 4-6 տարեկան երեխաները, որոնք արդեն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այնուհետեւ ջրծաղկի դեմ պատվաստումն աստիճանաբար կներդրվի նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց շրջանում։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վերահսկվող վարակիչ հիվանդությունների եւ իմունացման համաճարակաբանության բաժնի ղեկավար Սվետլանա Գրիգորյանն իր հերթին նշել է, որ մյուս երկրների փորձը, որտեղ կիրառվում է պատվաստումը ջրծաղկի դեմ, պատվաստման արդյունավետություն է ցուցադրել հենց այդ տարիքային խմբում, քանի որ հիվանդության կանխմանը զուգահեռ այդ տարիքային խմբում կրճատվում է նաեւ ընդհանուր առմամբ ջրծաղկով հիվանդանալու ընդհանուր թիվը։ «Այսինքն՝ արդեն մի քանի տարի հետո սպասում ենք ջրծաղկով հիվանդացածների ընդհանուր թվի կրճատում»,- հայտնել է նա։
Զարուհի Գրիգորյանը տեղեկացրել է, որ վերջին 15 տարիների ընթացքում ջրծաղկի տարածումը Հայաստանում կազմել է տարեկան միջինը 15 հազար դեպք։ Ջրծաղկի դեպքերի պարբերական աճ է գրանցվել, սակայն ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2011թ.։ «Ջրծաղկի դեմ պատվաստանյութը պատվաստումների օրացույցում ներառելու որոշումը կայացվել է՝ հիմնվելով ե՛ւ այն բանի վրա, որ աշխարհում կան ջրծաղկի դեմ բավական բարձրորակ եւ անվտանգ պատվաստանյութեր, որոնք կարող են կանխել հիվանդության տարածումը, ինչպես նաեւ մահերը, ե՛ւ մի շարք երկրների դրական փորձի վրա»,- ասել է նա:
Սվետլանա Գրիգորյանը տեղեկացրել է, որ ջրծաղկի դեմ պատվաստման ցուցումները նույնն են, ինչ ցանկացած այլ պատվաստանյութի դեպքում. պատվաստման ժամանակ անձը չպետք է ունենա որեւէ հիվանդություն, քրոնիկական հիվանդությունների սրացումներ, պատվաստանյութը հակացուցված է իմունային անբավարարություն ունեցող մարդկանց։ «Հետպատվաստումային շրջանում կարող են նկատվել նույն ախտանիշները, ինչ մյուս պատվաստանյութերի դեպքում՝ ջերմության կարճատեւ բարձրացում, ցավ ներարկման հատվածում, ընդհանուր թուլություն։ Բոլոր ախտանշանները կարճատեւ են եւ անհետանում են առանց հատուկ բուժման»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ջրծաղկի դեմ պատվաստանյութը կարող է կիրառվել պատվաստումների օրացույցում ներառված այլ պատվաստանյութերին զուգահեռ։
Նշենք, որ ջրծաղիկը սկսվում է ինկուբացիոն շրջանից (10-21 օր), որից հետո ի հայտ են գալիս առաջին ախտանշանները՝ ջերմություն, գլխացավ, թուլություն եւ ախորժակի կորուստ։ 1-2 օր հետո հայտնվում է ցան՝ սկզբում փոքրիկ կարմիր բծեր, որոնք վերածվում են բշտիկների եւ լցվում հեղուկով։ Բշտիկները պայթում են՝ առաջացնելով կեղեւներ։ Այս գործընթացը տեւում է 7-10 օր։ Ցանն աստիճանաբար անցնում է, եւ ջերմությունն իջնում է։ Բարդությունները հազվադեպ են, բայց կարող են ներառել մաշկի վարակներ կամ թոքաբորբ: Հիվանդությունից հետո իմունիտետ է առաջանում։ Ինչպես հայտնել է Սվետլանա Գրիգորյանը, ընդհանրապես ջրծաղիկով հիվանդանում են կյանքում միայն մեկ անգամ, սակայն հազվադեպ ջրծաղիկը կարող է կրկնվել, ինչը պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկություններով։