Հայաստանում չկա մեկը, որին չենք դիմել, միայն Օնիկ Գասպարյանն է մնացել, տեսնենք ինքը կարո՞ղ է մեզ ընդունել ու մեր հարցին լուծում տալ. անհետ կորած զինծառայողի մայր

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են հավաքվել: Նրանք նշում են, որ ցանկանում են հանդիպել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ:

«Ամբողջ Հայաստանում և՛ անհատների, և՛ պետական մարմինների դիմել ենք, չկա մեկը Հայաստանում, որ չենք դիմել, միայն Օնիկ Գասպարյանն է մնացել, տեսնենք ինքը կարո՞ղ է մեզ ընդունել ու մեր հարցին լուծում տալ, եթե ինքն էլ չկարողանա մեզ բան ասել, չգիտենք ում դիմել: Արդեն 55 օր նույն խնդրանքն ու պահանջարկն է՝ տեղեկություն տրամադրել մեր երեխաների մասին»,– ասաց Անահիտ Ադոյանը, ով անհետ կորած զինծառայողի մայր է:

Անահիտ Ադոյանը նշեց, որ Էջմիածնի զորամասից մոբիլիզացիոն ուժերում ծառայած մեկ զինծառայող վերադարձել է։

«Այս զորամասում 17-ը «մոբեր» են, 17-ը քիմիկոսներ են, 6-ը հետախուզությունն է, մի հոգի էլ ավտոբուսի վարորդն է, ընդհանուր 41 հոգի են, երեկ մեկ հոգի վերադարձել է, պետք է պայքարենք մյուս 40-ի համար: Մենք պայքարում ենք Էջմիածնի քիմիկների համար, 40 հոգու համար, բայց Հայաստանում շատ-շատ են, պետք է համախմբվենք բոլորս և չնստենք տանն ու սպասենք: Դիմում եմ ամբողջ աշխարհի հայությանը, օգնեք մեզ գտնել մեր երեխաներին»,- նշեց նա:

«Մենք ուզում ենք հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ հասկանանք ինչ կարող է ասել, եթե ինքն էլ չկարողանա մեզ բան ասել, չգիտենք ում դիմել, դիմում եմ ամբողջ աշխարհի հայությանը, թող օգնեն մեզ»,–ասաց Անահիտ Ադոյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )