Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ հոկտեմբերի 4-ին և 5-ին Ծաղկաձորում կազմակերպվել է երկօրյա քննարկում՝ «Ատելության խոսքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» թեմայով։
Միջոցառման նպատակն էր քննարկել ատելության խոսքի տարածման խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական մեդիայի և սոցցանցերի միջոցով տարածվող ատելության դրսևորումները, դրանց պատճառները, պայքարի միջազգային չափանիշները, ինչպես նաև անդրադառնալ առավել հաճախ թիրախավորվող խմբերին։ Մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, ԱԺ, դատական իշխանության, դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ:
Բացման իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված հետևողական աշխատանքի կարևորությունը՝ ընդգծելով, որ նման խոսքը ոչ միայն խաթարում է հասարակական համերաշխությունը, այլև վտանգում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։
