Հայաստանն ու Իրանն ավարտել են սահմանային անվտանգության ամրապնդմանն ուղղված զորավարժությունները

Հայաստանը և Իրանը երկօրյա համատեղ զորավարժություններ են անցկացրել սահմանամերձ Նորդուզ շրջանում՝ տարածաշրջանային կայունության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
«Բոլոր ազգերի հետ բարեկամությունը և տարածաշրջանի ինքնիշխանության պաշտպանությունը մեր ռազմավարական դոկտրինի հիմնասյուներն են», – ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ավագ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մորթեզա Միրիանը՝ ընդգծելով բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի քաղաքականությունը։
Նա կարևորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի լիակատար պատրաստակամությունը և անխափան համակարգումը հայ զինվորականների հետ այս զորավարժությունների կազմակերպման գործում:
Զորավարժությունները ղեկավարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ բրիգադային գեներալ Վալիոլլահ Մանին։
Mehr-ը նշում է, որ համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում և դիտվում են որպես հստակ ուղերձ, որ Իրանը հաստատակամ է մնում խաղաղության և համագործակցության իր հանձնառության մեջ՝ միաժամանակ պահպանելով իր ազգային անվտանգությունն ու ռազմավարական խորությունը: Հաղորդվում է, որ Հայաստանի հետ պատմական կապեր ունեցող Իրանի համագործակցությունը համահունչ է տարածաշրջանային դիվանագիտության և պաշտպանական պատրաստակամության Թեհրանի ավելի լայն քաղաքականությանը։