Հայաստանի կրթական բարեփոխումների համար հաստատվել է <<Գլոբալ գործընկերությունը կրթության (GPE)>>հետազոտական դրամաշնորհը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2018 թ․-ից քայլեր է ձեռնարկել համագործակցելու «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» («Global Partnership for Education» (GPE)) միջազգային կազմակերպության հետ, որը զարգացող երկրներում կրթական համակարգերի ամրապնդման գործընթացն ակտիվորեն  խթանող կառույց է: GPE-ի ծրագրի նպատակն է նպաստել հանրակրթության ոլորտի զարգացման քաղաքականության իրականացմանը՝ համախմբելով միջազգային գործընկեր կառույցներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մասնավոր հիմնադրամներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

GPE-ի առաջին փուլի դրամաշնորհային ծրագրին մասնակցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է տեղական կրթական խումբ, որի կազմում ընդգրկվել են նախարարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մանկավարժական ասոցիացիաների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ: GPE-ի ծրագրի ընթացակարգի համաձայն՝ տեղական կրթական խմբի կողմից մասնակցային հիմունքներով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն ընտրվել է որպես ծրագրային հայտի դրամաշնորհի գործակալ, իսկ Ասիական զարգացման բանկը՝ համակարգող գործակալություն:

Նախորդ ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հաջողությամբ կազմակերպել է GPE-ի ծրագրի առաջին փուլի՝ հանրակրթության ոլորտի զարգացման պլանի և ճանապարհային քարտեզի դրամաշնորհին (Education Sector Plan Development Grants) դիմելու բոլոր աշխատանքները: Ծրագրային հայտը ներկայացրել է GPE կազմակերպությանը և ստացել վերջինիս հաստատումը՝ 522695 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն: Այդ դրամաշնորհի շրջանակում 2021 թ․-ին դրամաշնորհի գործակալի կողմից միջազգային և տեղական փորձագետների ներգրավմամբ կիրականացվեն հանրակրթության ոլորտի արդիական խնդիրների հետազոտություններ, որոնք էապես կբարելավեն հանրակրթության ոլորտում ներկայումս մշակվող Հայաստանի Հանրապետության կրթության ռազմավարության հանրակրթության ոլորտի գործողությունների հասցեականությունը: Համաձայն GPE ընթացակարգերի՝ այս հետազոտական դրամաշնորհի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում հետազոտական փուլից հետո դիմելու GPE ծրագրի 2-րդ փուլին («Education Sector Plan Implementation Grants» – ESPIG) և դրա շրջանակում GPE-ի կողմից ակնկալելու մինչև 5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական անհատույց

աջակցություն՝ 1-ին փուլի հետազոտությունների արդյունքներով արձանագրված խնդիրները 2022 թվականից լուծելու համար:

Ինչպես նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, GPE-ի դրամաշնորհը կարևոր է ինչպես հանրակրթության բարեփոխումներին հավելյալ ռեսուրսների ներգրավման, այնպես և առաջնահերթաբար այդ բարեփոխումների շուրջ հանրային երկխոսության և մասնակցության ինստիտուցիոնալացման համար:

«Մենք լիահույս ենք, որ տեղական կրթական խումբը կհանդիսանա հանրակրթության բարեփոխումների շուրջ շարունակական երկխոսության և համագործակցության կարևորագույն ձևաչափ և հարթակ ոչ միայն GPE-ի այս ծրագրի համար, այլև առհասարակ կրթական բարեփոխումներին մասնակցային գործընթացի ապահովման ընդհանուր շրջանակում»,- փաստում է Արթուր Մարտիրոսյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )