ՀԱՄԱՍ-ը դրական է արձագանքել ԱՄՆ-ի միջնորդությամբ առաջարկված հրադադարի պլանին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ «դրական ոգով» պատասխանել է ԱՄՆ-ի միջնորդությամբ առաջարկված 60-օրյա հրադադարի նախաձեռնությանը, որը նախատեսում է պատանդների ազատում և խաղաղության ուղղությամբ բանակցությունների մեկնարկ։ Կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել անմիջապես սկսել գործնական բանակցություններ՝ պայմանավորվածությունների իրագործման մեխանիզմի շուրջ։

Միևնույն ժամանակ, մնում են մտահոգություններ՝ կապված Ռաֆահի անցակետի աշխատանքի, մարդասիրական օգնության հասանելիության և իսրայելական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույցի հետ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեռ չի արձագանքել այս նախաձեռնությանը, սակայն բազմիցս հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է լիովին զինաթափվի՝ պահանջ, որին խմբավորումը մինչ այժմ չի համաձայնել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելը սկզբունքորեն համաձայնել է հրադադարի պայմաններին։ Նա նշել է, որ պատրաստվում է Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում «պինդ ճնշում գործադրել» հրադադարի հասնելու համար։ Թրամփն ասել է. «Կարող է լինել համաձայնություն Գազայի շուրջ արդեն հաջորդ շաբաթ», գրում է  Reuters-ը։

Մինչ բանակցությունները շարունակվում են, Գազայում իրավիճակն ավելի է սրվում. վերջին 24 ժամում իսրայելական հարվածներից զոհվել է առնվազն 138 պաղեստինցի։ ՀԱՄԱՍ-ի վերահսկողությունը տարածքում կտրուկ նվազել է, իսկ բնակչության մեծ մասն տեղահանվել է։ Ըստ տեղական տվյալների՝ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 57,000 պաղեստինցի, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։

Share This