Համայնքների միավորման կամ բաժանման հարցով հանրաքվեի մասին օրինագծում փոփոխություններ են առաջարկվել
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որում արվել են որոշակի փոփոխություններ: «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել է համահեղինակ Վարազդատ Կարապետյանը:
Վարազդատ Կարապետյանը հիշեցրել է նախագծի ընդհանուր տրամաբանությունը: Ըստ այդմ, առաջարկվում է, որ եթե կառավարությունը համայնքներում վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծ է մշակում, ապա համայնքներում նախաձեռնող խմբերը հնարավորություն ունենան նախաձեռնել տեղական հանրաքվեներ, գրանցվեն համապատասխան ընտրական հանձնաժողովներում, դիմեն համայնքի ղեկավարին և ավագանուն` համապատասխան ֆինանսավորման համար: Եվ եթե կա ֆինանսավորում, նախաձեռնեն տեղական հանրաքվե` արդյունքները բերելով ԱԺ: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ: Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:
«Երկու փոփոխություն ենք առաջարկել: Փոփոխություններից մեկով բարդացնում ենք տեղական հանրաքվեի մեխանիզմը` սահմանելով 50-տոկոսանոց մասնակցության շեմ: Այսինքն՝ խորհրդատվական հանրաքվեն մենք կհամարենք կայացած, եթե ընտրացուցակներում առկա մարդկանց առնվազն 50 տոկոսը մասնակցի հանրաքվեին»,-ասաց Կարապետյանը:
Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է համայնքների ղեկավարներին հնարավորություն տալ տեղերում անցկացնել բաց քննարկումներ և լսումներ և այդ արդյունքները նույնպես կցել վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին` ԱԺ բերելուց առաջ: «Կառավարությունն ունի սահմանած օրինակելի կանոնակարգի նախագիծ` համայնքների կողմից հանրային լսումների անցկացման: Համայնքների ավագանիների մեծ մասը սրանք ընդունել են, մնացածն էլ պետք է ընդունեն, որպեսզի համայնքները կարողանան նաև լսումների մեխանիզմի միջոցով իրենց կարծիքը բացահայտել ԱԺ-ի համար»,- ներկայացրեց Կարապետյանը