Կրակոց Երևանում. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում է հիվանդանոց տեղափոխված 37-ամյա տղամարդը ստացել հրազենային վնասվածք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Երևանում հրազենային վնասվածք ստացած քաղաքացու՝ հիվանդանոց տեղափոխելու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ ազդրի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբերը, քանի որ վիրավորը բժիշկներին հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է Դավիթաշեն վարչական շրջանում:

Մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ, 37-ամյա Միսակ Փաշիկյանն է:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, նա հրազենային վնասվածքը ստացել է Բյուզանդի փողոցի 17-րդ շենքի բնակարաններից մեկում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվելիս եղել:

Նշված բնակարանում հայտնաբերվել են արնանման հետքեր, սակայն զենք չի հայտնաբերվել:

Դեպքի վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )