<<Հանրապետություն>> կուսակցությունը վարչապետի գրառումը ոչ միայն անընդունելի, այլև շատ վտանգավոր է համարում և կոչ անում քաղաքացիներին օրենքից դուրս որևէ սադրանքի չենթարկվել
Հանրապետություն» կուսակցությունը վարչապետի գրառումը ոչ միայն անընդունելի, այլև շատ վտանգավոր է համարում։
«Պետական գործառույթները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և դրանից բխող օրենքներով։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զսպվածություն և չենթարկվել օրենքից դուրս որևէ սադրանքի»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել.
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։
Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
Հպարտ եմ ձեզանով»:
Վարչապետի այս գրառումից հետո աշխատանքից ազատման դիմում գրելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը, պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ հայտնեց` եթե իշխող խմբակցությունն անհապաղ քայլեր չձեռնարկի, ինքը ևս վայր կդնի մանդատը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտնել է, որ վարչապետի գրառումը քննադատած իշխանական պատգամավորներից մեկն իրեն է դիմել` պնդելով, որ կյանքից զրկելուն ուղղված սպառնալիքներ է ստանում: