Կինոն ավարտվեց. Սպասենք նոր կինոյի բեմադրմանը

Ադրբեջանի խորհրդարանը ցրելու և վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու իշխող կուսակցության նախաձեռնությունն, ինչպես հայտնի է, քննարկվելու է օրենսդիր մարմնի դեկտեմբերի 2-ի նիստում:

Մինչ ինքնալուծարվելը Միլի Մեջլիսը արագորեն ավարտում է գործերը: Նախօրեին հաստատվել է 2020թ. պետբյուջեն, նոր օմբուդսմեն է ընտրվել: Նա 39-ամյա Սաբինա Ալիևան է, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի կինն է:
Հիշեցնենք, որ Ադրբեջան ներկայիս խորհրդարանը ցրելու մասին լուրերը պաշտոնապես հաստատվեցին ընդամենը մի քանի օրվա ընթացքում:
Իշող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհուրդն արդեն պաշտոնապես հանդես է եկավ այդ նախաձեռնությամբ: Մամուլի ասուլիսում կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ախմեդովը ասել էր, թե այդ քայլով կուսակցությունը ցանկանում է աջակցել նախագահ Իլհամ Ալիևի կողմից իրականացվող բարեփոխումներին և դրա համար անհրաժեշտ է թարմացել խորհրդարանի կազմը: «Ենի Ազերբայջանի» քարտուղարը իրենց պատգամավորներին կոչ էր արել այդ նախաձեռնությունը խորհրդարանում կյանքի կոչել:
Նրանց խմբակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում, 70 պատգամավոր ունեն ու քաղխորհրդի կոչից հետո նրանք անմիջապես դիմել են հարցը լիագումար նիստում քննարկելու համար:
«Թուրանը» նշում է, որ իշխանությունները, նույն Ալի Ախմեդովը ավելի վաղ կտրականապես հերքում էին խորհրդարանը լուծարելու լուրերը, պնդելով, որ սա շատ լավ և աշխատունակ խորհրդարան է: «Դրական այդ գնահատականները, թե ինչ պատճառով են փոխվել, Ախմեդովը մոռացել է հայտնել», – հեգնում է «Թուրանը»:
Ադրբեջանի խորհրդարանի կազմում 125 պատգամավոր կա, նրանք ընտրվում են 5 տարի ժամկետով: Ներկայիս խորհրդարանը ընտրվել է 2015թ. աշնանը: Խորհրդարանը ցրելու իրավական հիմքերը ընդունվել են 2016-ի սահմանադրական փոփոխություններով: Սահմանադրական դրույթում մի քանի նորմ է սահմանված, թե որ դեպքում երկրի նախագահը կարող է ցրվել խորհրդարանը, դրանք, ըստ էության, վերաբերում են խորհրդարանի պարտականությունների չկատարմանը: Ադրբեջանի փորձագետների կարծիքով ինքնալուծարվելու որոշումը պարզապես արհեստականորեն կհամապատասխանեցվի այդ նորմերից որևէ մեկին:
Ըստ «Ազատության»՝ գծագրված սցենարը իրականացնելու դեպքում, իսկ դրանում Ադրբեջանում կասկածներ չկան, Ադրբեջանում առաջին անգամ խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ կանցկացվեն: Որոշումն ընդունվելուց հետո ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, դա կարող է ընկնել հունվարի վերջ, փետրվարի սկիզբ ժամանակահատվածում:
Հատկանշական է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նոր խորհրդարան ունենալուց բացի, վերջին շրջանում նաև կադրային զգալի փոփոխությունների է դիմել՝ մինչ այս փոխվեցին ուժային կառույցների ղեկավարները, վարչապետն ու փոխվարչապետը, իսկ օրերս Ալիևի հրամանագրով փոփոխություններ են տեղի ունեցել նրա աշխատակազմում: Մասնավորապես աշխատանքից ազատվեց նախագահի աշխատակազմի հնաբնակներից մեկը՝ քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Մինչդեռ Ադրբեջանական ընդդիմությունն առայժմ չի կողմնորոշվում` ինչ մարտավարություն է հարկավոր որդեգրել երկրի խորհրդարանի լուծարումից հետո:
Ադրբեջանում գործող առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի` «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին համոզված է, որ ադրբեջանական իշխանությունները որոշել են խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից գրեթե մեկ տարի շուտ անցկացնել, որպեսզի լիարժեքորեն վերահսկեն քաղաքական պրոցեսները: «Իշխանություններին այս որոշմանը դրդած գլխավոր գործոնն այն ըմբռնումն է, որ բողոքավոր ընտրազանգվածի թվաքանակը Ադրբեջանում օրեցօր մեծանում է: Կառավարությունը չգիտի, թե մինչև հաջորդ աշուն ինչ փոփոխությունների կենթարկվի ուժերի հարաբերակցությունը երկրում: Այդ իսկ պատճառով նրանք խորհրդարանը վաղաժամ լուծարում են, որպեսզի վարչակազմը կարողանա հանպատրաստից ընտրություններ կազմակերպել և հերթական անգամ կեղծել դրանք», – ըստ «Ազատության»՝ նկատել է Ալի Քերիմլին:

Ընդդիմադիր գործիչը չի հավատում, որ գործող իշխանություններն Ադրբեջանում կարող են արդար ընտրություններ անցկացնել: Դրա հետ մեկտեղ Քերիմլին նշում է, որ իր ղեկավարած կուսակցությունը կքննարկի առաջիկա ընտրություններին մասնակցության հնարավորությունը: «Ժողովրդական ճակատը» և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը լրջորեն կքննարկեն ստեղծված կացությունը», – ասում էր Քերիմլին:
«Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլին խորհրդարանի լուծարումը դրական է գնահատում, սակայն վստահ չէ, որ հաջորդ գումարման Միլի Մեջլիսն ավելի լավը կլինի: «Այս խորհրդարանն, իհարկե, պետք է ցրել, քանի որ այն ձևավորվել է առանց ժողովրդի մասնակցության: Բայց նույնատիպ խորհրդարանի ձևավորումից խուսափելու համար հարկավոր է բարեփոխել ընտրական օրենսգիրքը», – գրել է Հաջիլին:
Առաջիկա ընտրությունների հանդեպ թերևս ամենալավատեսորենը տրամադրված են նախկին քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Հանրապետական այլընտրանք» REAL շարժման շարքերում, խորհրդարանի լուծարման մասին քաղաքական որոշումը հրապարակելուց մի քանի ժամ անց հայտարարում էր ընդդիմադիր գործիչը: «Խորհրդարանի լուծարման հիմքերը ի հայտ եկան դեռ մայիս ամսին, երբ Միլի մեջլիսը հրաժարվեց քննարկել մեր կուսակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին Բաքվում քաղաքապետի ընտրությունների անցկացմանը, – նկատում է Մամեդովը հավելելով. – Խորհրդարանը կարելի էր դեռ այն ժամանակ լուծարել, քանի որ այն խուսափել էր իր օրինաստեղծ գործառույթների կատարումից: Չցրեցին այն ժամանակ, ցրում են հիմա: Ամեն դեպքում խորհրդարանի լուծարումը մենք դրական ենք գնահատում և պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին»։
Ադրբեջանում մեծ «բեմադրություն» է նախապատրաստվում: Թե ինչպիսին կլինի Ալիևի վերադասավորված Ադրբեջանի քաղաքական, արտաքին քաղաքական կյանքը՝ իսկապես դժվար է կանխատեսել: Բայց որ փոփոխությունները ազդեցություն կունենան նրա կողմից վարվող քաղաքականության վրա՝ դա վստահաբար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )