Կինը կատարեց նահատակ ամուսնու՝ գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին տված խոստումը

Ս.թ. նոյեմբերի 28-ին Շոշկավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց ուխտի սուրբ և անմահ  պատարագ՝ ձեռամբ Արցախի Թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Պատարագի ավարտին կատարվեց փրկչական սրբապատկերի օրհնություն և օծման արարողություն։ Շոշկավանքի Սուրբ Աստվածածին  եկեղեցուն փրկչական պատկերի նվիրատուն Լիա Միրզոյանն է, ով կատարել է իր նահատակ ամուսնու՝ գեներալ-մայոր Նորայր Միրզոյանի հիշատակին տված խոստումը։

Սուրբ պատարագին և սրբապատկերի օծման արարողությանը  ներկա էին եկեղեցու բարերար Տիգրան Խաչատրյանը և Շոշկավանքի համայնքի հավատավոր զավակները: Բարձրանալով Շոշկավանքի բարձունքը՝ նրանք իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված Արցախ Աշխարհի խաղաղության և հզորացման համար։

Սրբազան Հայրը քարոզով դիմելով ժողովրդին ասաց.

«Ինչպես առ Աստված ձգտող, Աստծուն փնտրող մեր սուրբ հայրերը բարձրացան լեռները առանձնալու, ինքնամփոփվելու, Աստծուն զգալու, տեսնելու և խոսելու համար, այնպես էլ այսօր մենք՝ որպես նրանց ոգու ժառանգակիցներ և  առ Աստված հուսացողներ, բարձրացել ենք այս լեռն ու այս բարձունքում իր սրբատեղին գտած սրբավայրը՝ դիմելու մեր Տեր Աստծուն։»

Պատարագի և սրբապատկերի օծման ավարտին՝ հավատավոր ուխտավորները հոգով խաղաղված ունեցան սիրո ճաշ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )