ԿԲ նախագահը չկատարեց խոստումը կամ՝ տնտեսական բլեֆ
Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 24-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հարց ուղղել էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին․ «Խնդրահարույց գնահատական ունենք, Doing Business-ի ցուցանիշով՝ Հայաստանը զիջել է դիրքերը, ի՞նչն է պատճառը»: Doing Business ցուցանիշով Հայաստանը 41-ից իջել է մինչեւ 47-րդ տեղը։ Խաչատրյանը, բացատրելու փոխարեն, ավելի խճճեց պատկերը՝ ասելով, թե ամեն ինչ լավ է, պարզապես ՀԲ-ն մեթոդաբանություն է փոխել։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն էլ ասաց, որ վարչապետին ներկայացված թվերում տեխնիկական սխալ կա, որը եթե ուղղվի, կպարզվի, որ մենք 37-րդ տեղում ենք։ Նա խոստացավ սխալն ուղղել։ 2019-2020 թվականների տվյալներով, Doing Business ցուցանիշով՝ կրկին Հայաստանը 47-րդ տեղում է։ Փաստորեն, անցել է մեկ ամիս, եւ ոչ մի ուղղում Արթուր Ջավադյանը չի կատարել։ Սա կառավարության նիստում հնչած հերթական սուտն էր։
Առհասարակ, նոր իշխանությունը սիրում է միջազգային վարկանիշային գործակալությունների՝ հանրության մեծ մասին անհասկանալի ցուցանիշներից լավատեսական մառախուղ ստեղծել ու դրանով պինդ փակել մարդկանց աչքերը։ Նա պարբերաբար հղումներ է կատարում «Մուդիս» (Moody’s Investors Service) եւ «Ֆիչ Ռեյթինգս»-ի (Fitch Ratings) գործակիցներին։ Օգոստոսին Փաշինյանն ու նրա թերթը հրապարակեցին, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը B1 մակարդակից, որը համարվում է սպեկուլյատիվ, աճել է՝ հասնելով Ba 3-ի, որը համարվում է կայուն: «Մուդիս»-ի գնահատման հիմքը ֆինանսական կայունությունն է, որը պայմանավորված է նաեւ նրանով, թե արդյոք տվյալ պետությունը մեծ պարտքեր վերցրե՞լ է այլ պետություններից ու միջազգային կառույցներից։ Քանի որ Հայաստանը նոր արտաքին պարտքեր չի արել, «Մուդիս»-ի գործակիցն աճել է։Նրանք, ովքեր ուզում են իրական պատկեր ստանալ, պետք է դիմեն Doing Business գլոբալ հետազոտությանը եւ դրան կից երկրների վարկանիշներին, որոնք ցույց են տալիս, թե բիզնեսի համար որքանով են բարենպաստ տվյալ երկրի պայմանները։ Ի դեպ, սա ավելի վստահելի ուսումնասիրություն է, քան մասնավոր վարկանիշային կազմակերպություններինը, քանի որ իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից։ Ինչպես տեսանք, այստեղ Հայաստանը կաղում է։
Մյուս հնարքը, որն ակտիվորեն կիրառում է կառավարության տնտեսական բլոկը, տնտեսական ակտիվության ցուցանիշի թմբկահարումն է։ Այդ թվի մասին է սիրում խոսել վարչապետը, իսկ ՀՆԱ-ի ցուցանիշ հրապարակելուց, կարծես, խուսափում է։ 2019 թվականի 9 ամիսների ՀՆԱ ցուցանիշն անցյալ տարվա 9 ամիսների համեմատությամբ վիճակագրական կոմիտեն այս անգամ էլ չի հրապարակել, ինչը նոնսենս է։ Մինչեւ իշխանափոխությունը, ՀՀ բոլոր կառավարությունները եռամսյակը մեկ հրապարակում էին ՀՆԱ-ի ցուցանիշը։ Իշխանափոխությունից հետո այս ավանդույթն աստիճանաբար վերացավ։
Հավանաբար, վարչապետին թվում է, թե տնտեսական ակտիվությունն ավելի լավատեսական հասկացություն է, եւ դրա աճը նշանակում է, որ մարդիկ արագորեն հանում են աղքատությունն իրենց գլուխներից ու դառնում բիզնեսմեններ։ Ոչ մի երկիր տնտեսության ակտիվության ցուցանիշ չի հաշվում, իսկ եթե հաշվում է, ապա չի համարում այն առանցքային։ ԱՄՆ-ում կա արդյունաբերական ակտիվության ինդեքս։
Բայց հիմնական ցուցանիշը, որը բնորոշում է տնտեսության աճը, ՀՆԱ-ն է, որը վիճակագրության պետական կոմիտեն դադարել է պարբերաբար հրապարակելուց եւ հանրության դատին է հանձնում ընդամենը տարին մեկ անգամ։ Այս տարի մենք դրան տեղեկանալու պատիվ դեռ չենք ունեցել։
Երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին, Փաշինյանը կրկին անդրադարձել է իր սիրած ցուցանիշին։ «2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առեւտրի աճը՝ 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%: Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով… ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին…»,- հայտնի սոցցանցի իր էջում բարի լուր է հայտնում Փաշինյանը:
Տնտեսագիտության մաեստրո Հրանտ Բագրատյանը, որը Փաշինյանի հիմնական լուրջ օպոնենտն է նման հարցերում, նույն օրը մամուլում եւ նույն սոցցանցում հակադարձեց․ աճի տեմպն իջել է, աճը՝ ուռճացվել: «Բեռնաշրջանառությունը երկու անգամ պակաս է, բայց իրենք ասում են՝ տնտեսությունը 7 տոկոս աճել է, դա անհավատալի բան է․․․ Չեմ կարողանում նաեւ համակերպվել ՏԱՑ ցուցանիշի հետ։ Այսօր նոյեմբերի 25-ն է, դեռ 9 ամսվա ՀՆԱ-ն չկա, ՀՆԱ իրական աճը 3.0-3.5 %-ի միջակայքում է»,- փաստարկեց նախկին վարչապետը։
Նա նաեւ բացահայտել է 50 հազար աշխատատեղերի բլեֆը։ Վարկանիշներից ու ցուցանիշներից հեռու ՀՀ քաղաքացիները, օրինակ, տաքսի վարող «վարպետները», որոնք սոցիալական լակմուսի դեր են խաղում հանրային տրամադրությունը շոշափելիս, իրենց ուղեւորներին դարդերը պատմելիս հաճախ են հարցնում՝ որտեղի՞ց է վարչապետը որոշել, որ 50 հազար աշխատատեղ է ավելացել։ Նրանց բացատրում ենք, որ այս տարվա առաջին 9 ամսում, պաշտոնական թվերով, բերել են 77 հազար ավտոմեքենա։ նախկինում բերում էին առավելագույնը 15 հազար։ Ամեն բերելուց պետությանը գումար են մուծում, իսկ ամեն բերած մեքենայի հետ գումարն աճում է։
Առաջին անգամ մեքենա բերողն անում է այն, ինչ նախկինում չէր անում՝ գրանցվում է որպես անհատ ձեռներեց, երեք օրում ստանում է անհատ ձեռներեցի վկայական ու իր համարը գրանցում մաքսայինում։ Այսպիսով, ավտոմեքենա բերողը գրանցվում է որպես աշխատող։ Ստացվում է՝ 77 հազար ավտոմեքենա բերողներից 50 հազար հոգու, որոնք առաջին անգամ են ավտոմեքենա բերել, գրանցել են որպես աշխատող։ Այսպես, Նիկոլի թիվը դառնում է ավտոբերողների ժամանակը։