Կառավարությունն արտանություն կտրամադրի «Գրանդ քենդիին» և «Հրաշք գրուպին»
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրվի «Գրանդ քենդի» ընկերությանը, մյուսով՝ «Հրաշք գրուպ» ընկերությանը։ Երկուսն էլ տրամադրվելու են «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
«Գրանդ Քենդիի» մասով հիմնավորման մեջ ասվում է, որ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հրուշակեղենի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը իրացնել ՀՀ տարածքում։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Հաշվի առնելով շուկայական ներկայիս պահանջարկը՝ անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 7․4 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։ Իրականացվող լրացման արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 90․6 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ։
Իսկ «Հրաշք գրուպն» էլ արտոնյալ կարգով ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել տարբեր տեսակի կահույքի ինչպես նաև ներքնակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։