Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ի նախագիծը
Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը թույլ կտա խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառել նաև ԱԺ փոխնախագահներին։ Նշենք, որ հարցը չզեկուցվող էր։
Օրինագծով առաջարկվում է նաև խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում հրավիրվի ոչ թե մեկ, այլ երկու լսում: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԺ-ում հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ, քանզի ԱԺ-ում կառավարող ուժը՝ հանձինս Ազգային ժողովի նախագահի և երկու տեղակալների, Ազգային ժողովի նախագահի որոշման հիման վրա կարող է նախաձեռնել խորհրդարանական լսումներ, մինչդեռ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրված տեղակալը նման հնարավորությամբ օժտված չէ:
Հիշեցնենք, որ գործող կարգավորումներով խորհրդարանական լսումներ կարող են հրավիրել ԱԺ նախագահը, մշտական հանձնաժողովները, խմբակցությունը՝ իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով:
Կառավարությունը, սակայն, մերժեց այս առաջարկը այն հիմնավորմամբ, որ ԱԺ փոխնախագահին խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասության վերապահումը չի բխում Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված Ազգային ժողովի նախագահի տեղակալի կարգավիճակից, ինչպես նաեւ վերջիններիս վերապահված գործառույթների եւ լիազորությունների շրջանակից: