Կառավարությունը բռնագաղթածներին կտրամադրի լրացուցիչ աջակցություն, բայց՝ ԱԱԾ-ից ճշտումներ անելուց հետո
ՀՀ Գործադիր մարմինն այսօր լրացում կատարեց Արցախից բռնագաղթած կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ։
Փոփոխմամաբ նախատեսվում է լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին, որոնց անդամների տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում միանվագ դրամական սոցիալական աջակցության շահառուների, կամ Օպերատիվ շտաբի տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում, կամ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում կամ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների (այդ թվում՝ մեկ անդամից բաղկացած) անհատական դեպքերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կայացրած որոշումների արդյունքում շահառուի կարգավիճակ ստացած անձինք, բացառությամբ՝
1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց.
2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց.
3) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձանց․
4) ընտանիքների, որոնց անդամներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի միակ սեփականատեր, կամ ընտանիքի անդամներից մեկը կամ մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով (մեկ անդամը կամ ընտանիքի անդամները միասին՝ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք, կամ ընտանիքի անդամներից մեկը կամ մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք (մեկ անդամը կամ ընտանիքի անդամները միասին՝ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով).
5) ընտանիքների, որոնց անդամներից մեկն ունի 2017 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոց (Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և համարանիշ ունեցող) կամ եթե ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկի (ընտանիքում մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 15000 ՀՀ դրամը:
Նախագծով ներկայացվող միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը կտրամադրվի կարիքավոր ընտանիքների՝ ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար:
Միջոցառման իմաստով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55000 ՀՀ դրամից:
Աջակցության ամսական չափը կկազմի՝
1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ.
2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:
Նախագծով առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ կատարել լրացում, մասնավորապես որոշման N 2 հավելվածի 6-րդ կետում, որպես դիմումի մերժման պատճառ նախատեսել նաև այն, որ դիմումը մերժվում է այն անձի մասով, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում: