Կաթողիկոսի դեմ ակցիաներ անողը կարող է Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրվել
Արդեն հայտնել էինք, որ Գյումրին պատրաստվում է ՏԻՄ արտահերթ ընտրությունների։
Հավանաբար այն տեղի կունենա դեկտեմբերին կամ հունվար ամսվա սկզբներին։ Ժամանակը քիչ է, բայց քաղաքական ուժերն էլ ընտրություններին մասնակցելու հայտ չեն ներկայացնում։
Մեր տեղեկություններով` շրջանառվում են քաղաքապետի թեկնածուների մի քանի անուններ, որոնց մեջ է նաև 2018 թվականի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը։
Նշենք, որ մինչև 2018 թվականը Կարեն Պետրոսյանը դասավանդել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում, իսկ հեղափոխությունից հետո առ այսօր զբաղեցնում է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնը։
Մենք փորձել ենք մեկնաբանություն ստանալ Կարեն Պետրոսյանից։
ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց իր հնարավոր մասնակցությունը ընտրություններին։
«Իմ ներկա աշխատանքը շատ եմ սիրում, հանրային պահանջ կլինի, կմտածեմ, մնացածը Աստծո կամոք: Երբեք պատասխանատվությունից չեմ խուսափել»,-հայտարարել է Կարեն Պետրոսյանը։
Նշենք, որ հեղափոխությունից հետո Կարեն Պետրոսյանի մերձավորները ևս կարիերայի սրընթաց վերելք են ունեցել։ Պետրոսյանի քեռին` Երվանդ Սերոբյանն էլ զբաղեցնում է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը։