Կաթնաշոռը, սոյայի պանիրը և ոսպը նախաճաշին կարող են փոխարինել ձվին
Սոյայի տոֆու պանիրը, կաթնաշոռը և ոսպը կարող են նախաճաշին լիովին փոխարինել սպիտակուցներով հարուստ հավի ձվին։ Դրա մասին բժշկագիտական Health News հանդեսին հայտնել է ԱՄՆ Ռոդ Այլենդի համալսարանի սննդաբան Դալիա Բեյդունը։
Ըստ բժշկի՝ միսն ու ձուն սննդակարգում սպիտակուցի հիմնական աղբյուրներից են։ Ձուն արագ է պատրաստվում և հեշտ էլ մարսվում է, բայց վաղ թե ուշ ձուն սկսում է ձանձրացնել։
Բեյդունն առաջարկում է բազմազան դարձնել սննդակարգը սոյայի հատիկներից պատրաստված բուսական ծագման մթերքով՝ տոֆուով: համակազմվածքով և պատրաստման տեխնոլոգիայով տոֆուն նման է փափուկ պանրի: Սննդաբանը նշել է, որ այս մթերքը հարուստ է ոչ միայն սպիտակուցներով, այլև բջջանյութով ու առողջարար ճարպերով։ Տոֆուն կարելի է տապակել թավայի մեջ կամ ուտել մի կտոր հացի ու կանաչիի հետ։
Արագ և առողջ նախաճաշի մեկ այլ տարբերակ էլ ոսպն է։ Մեկ բաժակ ոսպը մոտ 18 գրամ սպիտակուց է պարունակում։ Սննդաբանը նշում է, որ ոսպն, ի տարբերություն հատիկաընդեղենի այլ տեսակների, նախապես թրջելու կարիք չկա։ Բավական է ոսպը շոգեխաշել և համեմել ըստ ճաշակի, որպեսզի ճաշատեսակը ամբողջական դառնա։
Երրորդ այլընտրանքը կաթնաշոռն է։ Այս մթերքը պարունակում է և՛ սպիտակուցներ, և՛ ճարպեր, ուստի ճաշատեսակը պետք է հավասարակշռել՝ ածխաջրեր ավելացնելով: Մրգերը կատարյալ են ճաշատեսակի քաղցր տարբերակի համար, իսկ լոլիկը, վարունգը և ձիթապտուղը կօգնեն կաթնաշոռը միջերկրածովյան ոճի աղցանի վերածել: