Ծանրամարտը գտնվում է հայկական սպորտի գագաթնակետում․ Փաշիկ Ալավերդյան
Այս տարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, ինչպես միշտ, գտնվում է հայկական սպորտի գագաթնակետում։ Հայաստանն ունի 185 մեդալ, որից 97-ը պատկանում է ծանրամարտիկները։ Ընդհանուր առմամբ նվաճել ենք 38 ոսկե մեդալ, այդ թվում՝ 28-ը երկամարտում, ինչը նշանակում է, որ տարբեր մրցաշարերում 28 անգամ բարձրացվել է Հայաստանի դրոշը։
Ունենք նաև 32 արծաթե և 27 բրոնզե մեդալ։ Մեր համար մեծ հաջողություն է նաև այն, որ երիտասարդ ծանրորդներն առաջին անգամ հայտնվելով ուժեղների պայքարում, չեն ընկրկում և կարողանում են բարելավել իրենց արդյունքները, չնայած դա մեդալ չի բերել մեզ։
Մենք թերացել ենք միայն կանանց ծանրամարտում, քանի որ այժմ չունենք լիարժեք հավաքական։ Դրա համար եկող տարվանից հավանաբար կհետևենք այն երկրների օրինակին, երբ կանանց հավաքական պահելու փոխարեն հովանավորում են մեկ-երկու ուժեղագույն մարզուհիների, որոնք մարզվում են տղամարդկանց երիտասարդական կամ պատանեկան թիմերի հետ», – այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում այսպես ամփոփեց մրցաշրջան-2021-ի արդյունքները Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանի 10 լավագույն մարզիկների մրցույթին ընդգրկված են 7 ծանրորդ, ինչը նույնպես վկայում է մարզաձևի առաջընթացի մասին (թեկնածուների մեջ ընդգրկված են 22 մարզիկ-մարզուհի-հեղ․)։
«Ա1+»-ի հարցին, թե Հայաստանի հավաքականը քանի մասնակից կարող է ունենալ 2024թ օլիմպիական խաղերում, Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ առավելագույնը 3 մարզիկ:
«Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Փարիզի խաղերում օլիմպիական կլինեն 5 քաշային կարգեր։ Դա լուրջ խնդիր կարող է ստեղծել մեր համար, քանի որ Սիմոն Մարտիրոսյանի քաշն (109 կգ) այլևս օլիմպիական չէ, ուստի նա պետք է պայքարի ծանր քաշերի հետ։ Իսկ քանի դեռ վրացի Լաշա Թալախաձեն չի ավարտել ելույթները, մենք չենք կարող ոսկե մեդալ ակնկալել այդ քաշում։ Սակայն, մյուս քաշային կարգերում մենք հաստատ կունենանք չեմպիոնի հավակնորդներ», – եզրակացրեց Փաշիկ Ալավերդյանը։
Խոսելով առաջիկա պլանների մասին, գլխավոր մարզիչը նշեց, որ հունվարի 10-ից հետո ծանրորդները կանցկացնեն առաջին ուսումնամարզական հավաքը, իսկ Հայաստանի առաջնությունից հետո կձևավորվի հավաքականի նոր կազմը։