Լուկաշենկոն, Փաշինյանը, Աննա Հակոբյանն ու Ոզնին մշուշից

Այս տարի, Փաշինյանից առաջ, Լուկաշենկոն ասել էր․ «…Եթե այսօր փող չունես ինչ-որ բան գնելու, ուրեմն գնա աշխատի։ Գնա երկրորդ, երրորդ աշխատանքի։ Եթե քեզ չեն վերցնում, եկեք նայենք, թե ինչպես ես դպրոցում սովորել, ինչ կա գլխումդ»։ Երկու ամիս հետո Փաշինյանը համարյա կրկնեց Լուկաշենկոյին. ««Ով աղքատության մեջ է, կենսամակարդակի խնդիր ունի, ով չի կարողանում ապրի, պետք ա հետ գնա, տեսնի՝ իրա կրթության որևէ փուլում է այդ պրոբլեմն առաջացել»։ Գաղափարական երկվորյակներ։ Ովքեր իրենց այսօրվա դիրքը համարում են իրենց խելքի շնորհքը, բայց չեն կարողանում ստեղծել երկիր, ուր տարրական պահանջները մարդու կբավարարվեն ու ուր ասես ուղարկում են նրանց՝ էլ դպրոց, էլ ավելի հեռու տեղեր՝ կրթվելու։ Դե այսպես՝ այսպես, եկեք տեստ մշակենք, ով ամենալավը հանձնեց, նա էլ թող լինի վարչապետ։ Թե չէ ծանր կեպին գլխին շրջում է Սյունիքում, մարդկանց բացատրում, թե ինչպես է պետք ապրել Սյունիքում։ Այդ ընթացքում Արաբաթ Միրզոյանը Անթալիայում դիվանագիտություն էր բանեցնում հայտնի չէ, թե որ երկրի կողմից ու օգտին, ինչին ես դեռ կանդրադառնամ։ Երբ գտնեմ գրաքննված բառեր։ Աննա Հակոբյանը ֆբ-ներից ծաղկաքաղ, թե յոնջափունջ արած մտքեր է արտագրում, դրանց խառնում «թաքնված» 25-րդ կադր, թե՝ 21 դարը չի եղել, մենք չենք ապրել.., շրջում Հայաստանով մեկ, դրանք դնում նրանց առաջ, ովքեր պատրաստ են այդ փունջը ծամել։ Ի դեպ, Սյունիքում չմոռացավ կրկնել իր կողակցին՝ ավտոշարասյունով ստեղծել վթար ու չկանգնել անգամ պարզելու, թե ինչ հետևանքներ է ունեցել, օգնելու կարիք կա, թե չէ։ Ինչ արած՝ կրթելը ակդպիսի բան է, ճամփին հանդիպած մանր-մունր բաներ չպիտի շեղեն նորաձևությունից, Աննա Հակոբյանի ստեղծած դարի էվրիկայից։ Ասում են նույնիսկ վերջին դասախոսության հարցուպատասխանից ոգևորված մասնակիցները որոշել են տանել շարժումը իրենց համայնքներ, գուցե նաև՝ տներ։ Գուցե նաև երեխաներին դպրոց ուղարկեն, ով գիտի։ Ով գիտի՝ գուցե դպրոցն ավարտելուց հետո շարունակեն կրթվել, գնան սովորելու տեղեր, որոնք ինչ-որ անուն ունենան։ Ասենք՝ բուհ։ Վթարը ոչինչ, այ՝ թե ում խոսքն էր իրականում Հրանտ Մաթևոսյանին վերագրվածը՝ շատ նեղեց նորաձևության գուրուին։ Ասում է՝ եթե Հրանտ Մաթևոսյանի բառերը չէին, շուտ հերքեիք, ֆեյսբուքում պտտվում է։ Իսկ հիմա, երբ պարզվեց հերքվել էր, երևի ինքնարդարացման նոր ինքնաներշնչանք են կիրառում վայ-դասախոսները։ Անեկդոտը գիտե՞ք. Ոզնին մշուշում մեդիտացիաով է զբաղվում. – Ես չեմ տռռի, ես չեմ տոոի… Տըըըռ։ -Դա ես չէի, դա ես չէի…   Թե ինչու է Ոզնու մասին որ․․․  Այս ինքնապաշտամունքի ու ինքնարդարացման մեդիատացիան դիտելով էլ ապրում ենք։ Ընդամենը հասցնելով մաղել տմարդը մարդուց։ Անահիտ Ոսկանյան 

 

Share This