Լոս Անջելեսից ավելի քան 30 000 մարդ կտարհանվի

Լոս Անջելեսի շրջանի մոտ 31 000 բնակիչ պարտադիր տարհանման ծանուցում է ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Բացի այդ, ևս 23 000 մարդ զգուշացվել է, որ հնարավոր է՝ նրանք նույնպես ստիպված լինեն լքել վտանգավոր գոտին։
Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության վարչությունը հայտնել է, որ նոր հրդեհը տարածվել է մինչև 9 200 ակր (մոտ 37 քառակուսի կիլոմետր): CNN-ի տվյալներով՝ 2-3 վայրկյանը մեկ կրակը նոր թափ է ստանում կլանելով ֆուտբոլի դաշտի չափ տարածք։
Հունվարի 7-ին Լոս Անջելեսում սկսվեցին զանգվածային անտառային հրդեհներ, որոնցից առաջինից տուժեց Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսի ափամերձ շրջանը, որին հաջորդեցին ևս մի քանի հրդեհներ: Իրավիճակը սրվեց քամիներից, որոնք նպաստեցին կրակի տարածմանը, իսկ մարումը բարդացավ նաև հրշեջ հիդրանտներում ջրի սակավության պատճառով։ Մոտ 180 000 մարդ ստիպված եղավ լքել իր տունը, հազարավոր շենքեր այրվեցին։ Հոլիվուդյան շատ հայտնի դերասաններ կորցրեցին իրենց տները: