Ի վերջո ինչ գաղափարախոսության է հարում «ՔՊ»-ն
Թեեւ արդեն ավելի քան մեկ ու կես տարի իշխանության է, սակայն Նիկոլ Փաշինյանը պետական շատ հարցեր կարգավորած չլինելուց բացի, նաեւ չի կարգավորել սեփական կուսակցության գաղափարախոսական եւ միջազգային համագործակցության հետ կապված զուտ կուսակցաշինական գործերը։ Ճիշտ է, Փաշինյանը հայտարարել է, որ իրենք զերծ են ցանկացած «իզմերից», սակայն նույնիսկ ցանակացած «իզմից» ազատագրված լինելը իր մեջ որոշակի «իզմ» արդեն պարունակում է։ Եվ բացի այդ, քանի դեռ չկա հստակ ամրագրված գաղափարախոսություն բաց է մնում նաեւ այն հարցը, թե «ՔՊ»-ն որ կուսակցությունների հետ կարող է գործակցել արտաքին աշխարհում, հանգամանք, որը չափազանց կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ այսպես ասած «մրցակից» ֆիրման, ի դեմս ՀՀԿ-ի վաղուց արդեն հանգրվանել է Եվրոպայի ամենախոշոր կուսակցական ընտանիքում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունում։ Անհասկանալի է, թե գոնե սեփական կուսակցության հետ կապված հարցերում ինչու է տատամսում Փաշինյանը։ Բայց եւ կարելի է մոտավոր ուրվագծել, որ օրինակ «ՔՊ»-ին անհնար է կոմունիստական կամ սոցիալիստական կուսակցություն համարել։ Այն նաեւ չի կարելի դիտարկել պահպանողական կուսակցությունների շարքում։ Ամենայն հավանականությամբ ապագայում Փաշինյանի քաղաքական հենարանը կամ կընդգրկվի լիբերալ-դեմոկրատական ու նեո-լիբերալ կուսակցությունների ընտանիքում կամ էլ ժամանակակից պոպուլիստական շարժումներում, քանի որ գաղափարական եւ գործունեության մեթոդոլոգիայի առումով ամենից հարազատ միջավայրը թերեւս սրանք են։