Ի հեճուկս
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակի օրերս տարածած հայտարարությունը գործող իշխանություններին վերագրել էր «հոգեվարքի» վիճակ եւ ավելացրել, որ նրանք դրել են անպայման վերատադրվելու խնդիր: Համապետական ընտրությունների մոտենալուն զուգահեռ, թերեւս, այլ ուժեր եւս նման մարտավարություն ընտրեն, իսկ ահա «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Վահան Բադասյանը նոր մեղադրանք է առաջադրում՝ իբր վերջին շրջանում կազմավորվող կուսակցություններն իշխանական նախագիծ են, որով փորձ է արվում փոշիացնել ընդդիմության ռեսուրսները: Եթե այդպես է, ապա ինչու՞ ընդդիմությունը միավորվելու ջանք չի դրսեւորում, քայլ չի անում որեւէ հավանական թեկնածուի շուրջ համախմբվելու ուղղությամբ:
Հանրային նվազ աջակցություն ունեցող բոլոր ուժերը, կարծես, սպասում են իշխանության նախաձեռնությանը: Ըստ էության, նրանց սպասումներն արդարացված չեն: Բակո Սահակյանը հայտարարել է, որ նախագահի թեկնածու չի առաջադրվի: Բայց դրանից չպետք է բխեցնել, թե նա երկրի ապագայի հանդեպ մտահոգություններ չունի: Նախագահը վստահորեն վարում է պետության ղեկը, քննարկում նույնիսկ շատ հեռանկարային խնդիրներ: Եւ, իհարկե, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահում անվտանգության հետ կապված հարցերը: Մի քանի օր առաջ նա ստորագրել է ձմեռային զորակոչի մասին հրամանագիր, իսկ նոյեմբերի 27-ին՝ այցելել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող երկու զորամաս: Նախագահի վստահ կեցվածքը վկայում է, որ ներքաղաքական խմորումներն ու իշխանության հասցեին արվող վերագրումները ոչնչով չեն ազդում, չեն կարող խաթարել պետական կյանքը:
Այն, ինչ մի քանի ամիս առաջ կանխատեսում էին որոշ շրջանակներ՝ սուր դիմակայություն եւ անգամ՝ իշխանափոխություն, մնացել է անցյալում: Արցախում ներքին կայունությունը պահպանվում է, կառավարման ողջ համակարգը գործում է արդյունավետորեն, Ազգային ժողովը քննարկում է գալիք տարվա պետական բյուջեի նախագիծը: Ամենակարեւորը՝ նախագահ Սահակյանի քաղաքական հենարան ուժերը՝ Ազատ հայրենիք, Արցախի ժողովրդավարական կուսակցությունները եւ ՀՅԴ Արցախի կառույցը, թեեւ նախագահի թեկնածուի հարցում ընդհանուր հայտարարի չեկան եւ գալիք ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կլինեն մրցակիցներ, հիմնական հարցում պահպանում են հանձնառությունը: Դա նախագահ Սահակյանի տասներկուամյա պաշտոնավարման լուրջ ձեռքբերումներից մեկն է: Անհավանական չէ, որ խորհրդարանական ապագա դասավորվածության հարցում այդ սկզբունքային կեցվածքը դերակատարություն ունենա: Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում ուրվագծումների ականատես կլինենք: Բակո Սահակյանի քաղաքական փորձառությունը նման լավատեսության գրավական է՝ ի հեճուկս այն ուժերի, որոնք ներարցախյան դիմակայության սցենարներ են գծում: