Իրանի բանակը հայտարարել է Աֆղանստանի հետ սահմանին պարիսպներ կառուցելու մասին

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին Իրանի հյուսիսարևելյան սահմանային շրջաններ կատարած այցի ժամանակ ստուգել է Աֆղանստանի հետ սահմանի անվտանգությունն ապահովելու համար ընթացող շինարարական աշխատանքները, հայտնում է Mehr-ը։

Բրիգադային գեներալ Հեյդարին շրջել է սահմանամերձ շրջաններում և հետևել ցամաքային զորքերի կողմից իրականացվող գործողություններին, որոնք ներառում են ցանկապատերի կառուցում և անվտանգության այլ միջոցառումներ։

«Երկրի հյուսիս-արևելյան շրջանում սահմանային պատերի արգելափակման ծրագիրը հաջողությամբ իրականացվում է բանակի ինժեներական խմբերի կողմից»,- ասել է նա։

Իրանցի գեներալի խոսքով՝ սահմանային նախագիծն ավարտելու համար կտրամադրվեն բանակի ցամաքային զորքերի բոլոր ինժեներական ռեսուրսները։ Ռազավի Խորասան նահանգում Իրանի արևելյան սահմանների երկայնքով 330 կիլոմետրանոց նախագիծն իրականացվում է չորս ինժեներական խմբերի կողմից:Ծրագրի նպատակն է բարելավել Աֆղանստանի հետ 945 կիլոմետրանոց սահմանի անվտանգությունը:

Share This