Իրանը նախընտրեց Ադրբեջանին․ Սև ծովը կմիանա Պարսից ծոցին
Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Սև ծովից Պարսից ծոց ձգվող՝ Հյուսիս-Հարավ երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքի շինարարության և գործարկման մասին։ Ծրագրի սկզբնական փորձարկումը, ըստ Tehran Times-ի, նախատեսվում է մոտակա չորս ամիսների ընթացքում։
«Այս տարանցիկ երթուղին կարող է ապահովել Իրանի մուտքը դեպի Արևելյան Եվրոպայի շուկաներ։ Վրաստանն ունի երկու կարևոր առևտրային նավահանգիստ, որոնց միջոցով ապրանքներ է առաքում Արևելյան Եվրոպա։ Փորձնական շրջանում բեռներ կուղարկվեն Իրանից՝ Աստարայի սահմանով դեպի Ադրբեջան, իսկ Սև ծովի վրացական Բաթումի և Փոթի նավահանգիստներով՝ դեպի Արևելյան Եվրոպայի երկրներ»,- ISNA գործակալությանը ասել է Իրանի Ճանապարհների պահպանման և փոխադրումների կազմակերպության, տարանցիկ և միջազգային կապերի վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։
Ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Իրանին և նպատակ ունի Պարսից ծոցը կապել Սև ծովի հետ, որտեղ գտնվում են աշխարհի խոշոր նավթարդյունահանող երկրները: Իրանն իր ռազմավարական և աշխարհագրական դիրքի շնորհիվ ունի հատուկ կարգավիճակ առևտրային և տարանցիկ հարաբերություններում․ երկիրը մի քանի կարևոր միջազգային միջանցքների խաչմերուկում է։