Իտալիայում սկանդալ է առաջացրել մաֆիայի պատերազմների վրա հիմնված գերմանական հայտնի խաղը
Սեղանի խաղը, որի հիմքում 1980-ականներին Սիցիլիայում հայտնի մաֆիայի պատերազմներն են, հակասական տրամադրություններ է առաջացրել Իտալիայում․ սպանված հակամաֆիոզ դատավոր Ջովանի Ֆալկոնեի քույրը այն որակել է վիրավորանք բոլոր նրանց հանդեպ, ովքեր պայքարել են Իտալիան կազմակերպված հանցավորությունից ազատագրելու համար, գրում է The Guardian-ը:
Գերմանական Boardgame Atelier ընկերության ստեղծած «La Famiqlia. The Great Mafia War» խաղը անցյալ տարի ստացել է հեղինակավոր Golden Ace մրցանակը, որը շնորհվել է Ֆրանսիայում անցկացվող ամենամյա խաղային փառատոնում։
Խաղի հեղինակն այն նկարագրել է որպես «կոնֆլիկտային խաղ Սիցիլիայում մաֆիայի պատերազմների ֆոնին», այն վերջերս թարգմանվել է իտալերեն և տարածվել առցանց առևտրի տարբեր կայքերում: Խաղի հիմնական գաղափարն այն է, որ մաֆիայի տարբեր կլաններ ներկայացնող խաղացողները մրցում են միմյանց հետ Սիցիլիայի վրա վերահսկողություն հաստատելու համար՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ականապատ մեքենաները, որպեսզի «որքան հնարավոր է շատ շրջաններում գերիշխեն»:
1980-ականներին մաֆիայի անողոք պատերազմները ավերեցին հարավիտալական կղզու մեծ մասը: Տասնամյակի առաջին երկու տարիներին սպանվել է ավելի քան 1000 մարդ։
«Ես չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր, որ ինչ-որ մեկը նման խաղ հնարի է և խաղա նրանց զգացմունքների վրա, ովքեր իրենց կյանքը տվել են՝ ծառայելով պետությանը, – Corriere della Sera թերթին ասել է Մարիա Ֆալկոնեն: -Մաֆիան միայն մահ բերեց Սիցիլիայում և Իտալիայում։ Նման խաղը վիրավորում է բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հողի ազատագրման գործում»։
Նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հիմնադրած «Հանուն Իտալիայի» կուսակցության անդամ, քաղաքական գործիչ Ալեսանդրո դե Լեոն նամակ է հղել Սիցիլիայի նախագահ Ռենատո Շիֆանիին։
«Այս խաղը ոչ միայն վիրավորում է սիցիլիացիների արժանապատվությունը, այլև արժեզրկում է միլիոնավոր քաղաքացիների ամենօրյա պարտավորությունը, ովքեր պայքարում են մեր տարածաշրջանում օրենքի գերակայության և արդարության համար», – գրել է նա: