Իշխող թիմի պահանջն արդար է
Երևանի ավագանու իշխող թիմը կսկսել է քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության պրոցես։ Քաղաքական դաշտը ակտիվորեն քննարկում է այս հարցը և ոմանք նաև աջակցում են Հայկ Մարությանին՝ պնդելով, որ նա վատ քաղաքապետ չէ։ Հայկ Մարությանի վատ քաղաքապետ չլինելն իհարկե մեծ հարցականի տակ է, բայց սա մի կողմ թողնենք և քննարկենք հարցի քաղաքական կողմը։
2018 թվականին Հայկ Մարությանը քաղաքապետ դարձավ Քաղաքացիական պայմանագիր և Առաքելություն կուսակցությունների նախընտրական դաշինքի ցուցակով, որը կոչվեց Իմ քայլը։ Հիշեցնենք, որ իշխանափոխությունից անցել էր ընդամենը մի քանի ամիս և Երևանի ավագանու ընտրությունները դիտարկվում էին Նիկոլ Փաշինյանի վստահության քվեարկություն։ Արդարության համար նկատենք, որ անգամ ընդդիմությունն էր այդ ընտրություններին այս տրամաբանությամբ մասնակցում։
Անհրաժեշտ է նկատել, որ ամբողջ քարոզարշավը վարում էր Նիկոլ Փաշինյանն անձամբ։ Քարոզարշավի ամբողջ ընթացքը Նիկոլ Փաշինյանը վերածեց նախկիններին մերժելու և իրեն աջակցելու գործընթացի։ Քվեարկության արդյուքնում Փաշինյանի թիմը հավաքեց ավելի քան 81 տոկոս ձայն։ Եվ սա իշխանության և ընդդիմության կողմից համարվեց Փաշինյանին տրված վստահության քվե։ Հայկ Մարությանը հենց այս պրոցեսի արդյունքում դարձավ քաղաքապետ։
Այս պարագայում լիովին արդարացված է իշխող թիմի պահանջը։ Իհարկե հիմա ընդդիմադիր ուժերի համար դժվար է ընդունել, որ իշխող թիմի պահանջն արդար է, բայց այլ տարբերակ չկա։ Հայկ Մարությանը դուրս գալով Քաղաքացիական պայմանագրից հրաժարվել է նաև այդ թիմի 2018 թվականին արձանագրած արդյունքներից։