Ինչ կոսմետիկա օգտագործել հղիության ընթացքում

Երբ երեխայի ենք սպասում, շատ ավելի ուշադիր ենք մեր մարմնի հետ տեղի ունեցողի վերաբերյալ: Յուրաքանչյուր փոքրիկ փոփոխություն մեզ թվում է մեծ ու կարեւոր, մանրադիտակի տակ են հայտնվում պտղի աճի հետ կապված բոլոր մանրուքները: Այդ ընթացքում շատ կանայք ուղղակիորեն հրաժարվում են վնասակար սովորույթներից, բայց նաեւ՝ կոսմետիկայի կիրառումից, մազերի գունափոխումից եւ այլն:
Քանի որ ամառ է, մինչև կոսմետիկային անցնելը միանգամից նշեմ, որ դեզոդորանտների հանդեպ նույնպես արժե ուշադիր լինել եւ ընտրել ոչ թե հակաքրտինքային, այլ հոտազերծիչ միջոցներ, որոնք ազատ են ալյումինից, ինչպիսին հենց Նաիրիանի բնական դեզոդորանտներն են: Թե ինչու, կարող եք կարդալ մեր Ալյումինը դեզոդորանտներում հոդվածում։
Եվ այսպես, պարզենք, թե ինչ բաղադրիչներ կարող են հայտնվել մեր օգտագործած կոսմետիկայում, որոնք գիտական հետազոտությունների համաձայն՝ վնասակար են հղիության ընթացքում: Թեեւ հիմնական խնամքի միջոցները ամբողջովին անվտանգ են, կան մի շարք բաղադրիչներ, որոնք ցանկալի չեն հղիության ընթացքում: Իմ այս փոքրիկ ուղեցույցի օգնությամբ հեշտորեն կկողմնորոշվեք գեղեցկության եւ խնամքի միջոցներ գնելիս:
Ռետինոիդներ
Այս հզոր բաղադրիչների խումբը հայտնվում է հակատարիքային եւ հակակորյակային խնամքի տարբեր միջոցներում: Ռետինոիդները A վիտամինի տեսակներ են, որոնք արագացնում են մաշկի վերականգնումը: Մասնագետները խորհուրդ չեն տալիս ռետինոիդներ ընդունել հղիության ընթացքում: Իհարկե, այն ավելի վտանգավոր է, երբ հաբի տեսքով է, քանի որ քիչ հավանական է, որ կոսմետիկայի միջոցով մաշկի արտաքին շերտից այն կարողանա հասնել ու ներթափանցել արյան մեջ՝ վնասելով պտղին:
Լուրջ վտանգն իրականում այլ ճանապարհով է գալիս: Սինթետիկ ռետինոիդների երկարատեւ կիրառումը կարող է հանգեցնել բնական ռետինոլի արտադրության նվազմանը օրգանիզմում, ինչն էլ իր հերթին կարող է վնասել մաշկի արտաքին շերտը, «բարակացնել» այն: Իսկ բարակ մաշկը, եթե հատկապես C վիտամինի պակաս ունի, ինչը հաճախ է պատահում հղիության ընթացքում, ավելի խոցելի է ուլտրամանուշակագույն ճառագայթների, օքսիդային սթրեսի հանդեպ: Խիստ հավանական է դառնում հղիության ժամանակ մաշկի պիգմենտացման կամ անցանկալի այլ խնդիրների առաջացումը:
Բարեբախտաբար, բուսական հիմքով կոսմետիկան այլընտրանքային կարող է լինել: Օրինակ՝ մասուրի կորիզայուղը, որով հարուստ է մեր Ցերեկային շիճուկը, կարող է լիարժեք փոխարինել ռետինոիդներին՝ առանց կողմնակի ազդեցությունների: Այլ կերպ ասած՝ հղիության ընթացքում առավել ցանկալի է կիրառել բնական խնամքի միջոցներ, որոնք պարունակում են մասուրի կամ չիչխանի կորիզայուղեր՝ հարուստ բնական A վիտամինով: Բաղադրիչների ցանկում ռետինոիդները կարող եք ճանաչել հետևյալ անվանումներով․ Retin-A, Retin-A micro, retinol, retinyl palmitate, retinaldehyde, adapalene, isotretinoin, tretinoin, tazarotene։
Հիդրօքսիթթուներ
Ալֆա եւ բետա հիդրօքսիթթուները առկա են մաշկային խնդիրներին (կորյակներ, բորբոքում, կարմրություն) հասցեագրված խնամքի միջոցներում, նաեւ՝ մաքրող, տոնավորող քսուքներում, շերտազատիչներում: Սալիցիլաթթուն ամենից հաճախ հանդիպող բաղադրիչն է այդ քսուքներում եւ միակը, որն ուսումնասիրվել է հղիության համատեքստում: Այս թթվի բարձր չափաբաժինների ընդունումը (այն ասպիրինի բաղադրիչներից է) կարող է վնասել պտղին, հարուցել հղիության բարդացումներ:
Եվ եթե տեսնեք այս բաղադրիչները պիտակի վրա, ուրեմն օգտագործեք շատ քիչ քանակությամբ. Alpha hydroxy acid (AHA), Azelaic acid, Benzoyl peroxide, Beta hydroxy acids (BHA), Beta hydroxybutanoic acid, Betaine salicylate, Citric acid, Dicarbonous acid, Glycolic acid, Hydroacetic acid, Hydroxyacetic acid, Hydroxycaproic acid, Lactic acid, Salicylic acid, Trethocanic acid, Tropic acid, 2-hydroxyethanoic acid:
Հակակորյակային միջոցներ
Բազմաթիվ կանայք հղիության առաջին եռամսյակում արյան մեջ էստրոգենի մակարդակի փոփոխության պատճառով մաշկային խնդիրներ են ունենում, նույնիսկ եթե մշտապես հարթ մաշկ են ունեցել:
Մենք խորհուրդ կտանք կորյակների դեմ պայքարել ոչ թե հակաբիոտիկներով, այլ դեմքի այնպիսի մաքրող քսուքով, որը պարունակում է 2 տոկոսից ոչ ավելի սալիցիլաթթու: Սալիցիլաթթուն հիդրօքսիթթու է, բայց այդ քանակությունն անվտանգ է: Կամ կարող եք օգտագործել Նաիրիանի նուրբ Մաքրող քսուքը, որը չի պարունակում սալիցիլաթթու եւ հրաշալիորեն մաքրում է մաշկը՝ հընթացս խոնավացնելով այն: Իսկ Նաիրիանի հակակորյակային Յուղազերծ խոնավացնող քսուքը պայքարում է կորյակների դեմ նարդոսի եթերայուղի բաղադրության շնորհիվ: Այն նաեւ արոմաթերապեւտիկ ազդեցություն ունի եւ բարելավում է հղի կանանց առավոտյան ինքնազգացողությունը:
Արեւապաշտպան քսուքներ
Եթե հղի եք, չի նշանակում, որ ամբողջ ամառը պետք է տանը նստել: Միայն թե չմոռանաք ձեզ հետ արեւապաշտպան քսուք վերցնել: Գրեթե բոլոր արեւապաշտպան քսուքներն անվտանգ են հղիության ընթացքում, անգամ նրանք, որ ներթափանցում են մաշկի ենթաշերտեր: Հավելյալ անվտանգության համար կարող եք օգտագործել ցինկի օքսիդ եւ տիտանի երկօքսիդ պարունակող քսուքներ, որոնք արեւի ճառագայթների արգելակներ են եւ չունեն մաշկի ներթափանցելիություն:
Եթե ունեք մելազմա, կարող եք արեւապաշտպանի հետ օգտագործել նաեւ մաշկը պայծառացնող միջոց: Նաիրիանի C վիտամինով պայծառացնող շիճուկը շատ արդյունավետ է մելազմայի դեմ եւ չի պարունակում հիդրոքինոն, որը նույնպես ցանկալի բաղադրիչ չէ հղիության ընթացքում:
Իսկ այս բաղադրիչները համարվում են անվտանգ. Avobenzone, Benzophenone, Dioxybenzone, Hydroquinone, Octocrylene, Octyl methoxycinnamate (OMC), Oxybenzone, Para-aminobenzoic acid (PABA), Titanium dioxide, Zinc oxide:

Դիմահարդարում
Եթե գերհոգատար մայրիկներից եք, ապա վստահաբար օգտագործում եք հանքային ծագումով կոսմետիկա եւ դիմահարդարման միջոցներ (բացառությամբ իհարկե հանքային յուղի): Նաիրիանի Գունակարգավորող քսուքները հենց այդպիսին են՝ թեթեւ եւ արեւից պաշտպանող (SPF 15), պարունակում են երկաթի ու տիտանիումի օքսիդներ ոչ նանո-չափսի, որոնք անվնաս են օգտագործողի համար, քանի որ չեն ներթափանցում մաշկից։

Կան մի շարք այլ բաղադրիչներ, որոնցից ցանկալի է խուսափել, երբ երեխայի եք սպասում: Դրանցից են տարբեր ստերոիդները, հիդրոքինոնը, արհեստական բույրերն ու գույները, ֆորմալդեհիդի դոնորներ, պարաբեններ, ֆտալատներ, որոնց մասին ես խոսել եմ մեկ այլ գրառման մեջ:

Հուսամ, որ օգտակար եղա ձեզ այս կարեւոր հարցում: Եղեք առողջ ու երջանիկ մայրիկ, իսկ մենք կհանդիպենք մեկ այլ գրառման շրջանակներում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )