ԻՆՉՈՒ Է ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԳՏՆՎԵԼ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Եթե այն ժամանակ պետությունը տեսնում էր խնդիր, որ Առուշանյանը, մնալով ազատության մեջ, կազդի Ավետյանի վրա, բայց ականատես եղանք, որ խոչընդոտ չկա, հիմա Առուշանյանն ինչո՞ւ է կալանքի տակ, ինչո՞ւ մեղադրանքի կողմը չի հրաժարվում մեղադրանքից ու համապատասխան միջնորդություն չի ներկայացնում դատարան, որ Առուշանյանն անհապաղ ազատ արձակվի։ Սա ապացուցում է այն, որ դատախազությունը մնում է հավատարիմ քաղաքական իշխանությանը ծառայելու առաքելությանը: Այս մասին քիչ առաջ կալանավորված ընդդիմադիր գործիչների պաշտպանների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Միանշանակ մենք շարունակում ենք պնդել, որ Առուշանյանի գործով իրականում մենք գործ չունենք իրավական գործընթացի հետ։Մեղադրանքը շինծու է ու կառուցված է մեկ անձի ցուցմունքի հիման վրա։
Խոսքը գնում է Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի ցուցմունքի մասին։ Մենք գոռում էինք, ասում՝ այս անձի ցուցմունքը շինծու է, որևէ կերպ արժանահավատ չէ ու այս ցուցմունքի հիման վրա ոչ միայն հետապնդում չի կարող հարուցվել, այլև անձը չի կարող զրկվել ազատությունից։ Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, բոլորը համոզվեցին դրանում, հատկապես, Առուշանյանի գործով վերջին դատական նիստին, երբ Ավետյանը ասաց, թե ինչ ասել է Առուշ Առուշանյանի դեմ, սուտ է։ Առուշանյանը հիմա գտնվում է կալանքի տակ, շարունակում է գտնվել կալանքի տակ, քանի որ քաղաքական հետապնդումները չեն դադարեցվում»,- ասաց նա։