Ինչու՞ է ՀՀ դեսպանը այցելել զենքի արտադրության կենտրոն Տուլա
Երկուշաբթի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը այցելել է Տուլայի մարզ, հանդիպել է Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյումինի հետ և հրավիրել է նրան Հայաստան: ՌԴ դեսպանատան պաշտոնական լրահոսի այս դրվագի վրա գուցե չկենտրոնանայինք, եթե Դյումինը շարքային նահանգապետ լիներ, և ոչ թե այս պահին Ռուսաստանի առավել հաճախ քննարկվող դեմքերից:
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար, նախագահ Պուտինի անվտանգության ծառայության նախկին պետ Ալեքսեյ Դյումինը նահանգապետերից «ամենաուժայինն» է համարվում: Դեռևս 2016 թվականից նրա անունը ՌԴ մամուլն ու քաղաքագետները տալիս են ՌԴ նախագահի աթոռի հնարավոր ժառանգորդների քառյակում՝ ի թիվս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, գրող Զախար Պրիլեպինի և արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի:
Որոշ վերլուծաբաններ նրան նույնիսկ ամենահնարավոր նախագահացու են համարում, գտնում են, որ հենց Տուլայի նահանգապետին են նախապատրաստում, որ 2024 թվականին, կամ նույնիսկ ավելի շուտ, նա զբաղեցնի երկրի նախագահի աթոռը, նկատի ունենալով «ուժային» նահանգապետի անձնական նվիրվածությունը Պուտինին, նրա փայլուն կապերը ռազմարդյունաբերական համալիրում, միջնորդի դերակատարումը Տուլայի զենք արտադրող գործարանների և այդ արտադրանքի գնորդների միջև:Եւ ահա այս գործիչն է հյուրընկալում ՀՀ դեսպան Տողանյանին, վերջինիս հետ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկում», պայմանավորվածություններ ձեռք բերում Հայաստանի և Տուլայի մարզի միջև «առևտրա-տնտեսական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ», այցելում է վերջերս բացված «HAVAL» ավտոգործարան, «Ուզլովայա» արդյունաբերական կենտրոն, խոսում է Դյումինի հետ նոր Հայաստանի քաղաքականության և ներդրումային մթնոլորտի մասին: Այս մանրամասները կան պաշտոնական հաղորդագրությունում: Եւ ոչ մի բառ այն մասին, թե ինչու ՀՀ դեսպանը այցելեց հենց Տուլա՝ Ռուսաստանի զենքի արտադրության կենտրոն:
Մյուս կողմից ՌԴ ուժայինների հետաքրքրությունը Հայաստանով վերջին շրջանում ակնհայտ է: Նոյեմբերին Հայաստանում պաշտոնական այցով եղան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը: