Ինձ չեն կարող կապել որևէ մեկի հետ, ես նախկինների ժամանակ աշխատել եմ կրթական ոլորտում, դասավանդել եմ, այս երկում 2 մլն մարդու կարող են կապել նախկինների հետ. Սևակ Խաչատրյան

Քվեարկեցի հանուն սոցիալապես և տնտեսապես զարգացած Էջմիածնի ու հանուն այն Էջմիածնի, որը պատկերացնում են էջմիածնեցիները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՏՊՀ նախկին պրոռեկտոր, ՏԻՄ ընտրություններին «Էջմիածին» դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանը։

Վերջինս նշեց, որ նախընտրական քարոզարշավը Էջմիածինում անցել է բավականին պասիվ։
«Պասիվ էր գրեթե բոլոր թիմերի մասնակիցների կողմից, մենք քարոզարշավը մի պահ ընդհատել ենք, քանի որ հիվանդացել էի կորոնավիրուսով և գտնվում էի տանը։ Բացի այդ դադարեցրել էինք նաև Սիսիանում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով։ Պասիվությունը ուներ իր օբյեկտիվ պատճառները։ Երբ շփվում էինք մարդկանց հետ, տեսնում էինք, որ հիասթափությունը բավականին մեծ է նրանց մոտ և ընտրության «սիրտ չունեին», բայց մենք փորձել ենք նրանց հետ զրուցել և բացատրել, որ այս ընտրությունից են կախված Էջմիածնի հաջորդ տարիները»,-ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ քարոզարշավը անցել է իշխող կուսակցության կողմից` իշխանական ռեսուրսի կիրառումով։

«Ստացել ենք տարբեր ահազանգեր, սակայն կոնկրետ փաստերի դեպքում պետք է դրանք բարձրաձայնվեին։ Մենք դիմում-բողոք էինք ներկայացրել ընտրական հանձնաժողով վարչական ռեսուրսի կիրառման և քարոզարշավի ոչ հավասար պայմանների ապահովման դեպքով, որը կապված էր նախընտրական պաստառների հետ։ Ստացել ենք պատասխան, որը մեզ չի բավարարել և պատրաստվում ենք դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,-ասաց նա։

Հարցին` հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու և բևեռացնելու փորձեր եղե՞լ են նախընտրական քարոզարշավի ժամանակ, Սևակ Խաչատրյանը պատասխանեց. «Եղել են, բայց մի փոքր աննկատ են եղել։ Իշխանությունները երբեք ձեռք չեն քաշում սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների կործանարար թեզից։ Դա իրենք իրենց համար դարձրել են նախընտրական ֆիշկա և փորձում են առաջնորդվել դրանով։ Ամեն դեպքում թեկնածուների միջև պահպանվել է սոլիդարությունը։ Ինձ չեն կարող կապել որևէ մեկի հետ։ Ուղիղ եթերի ժամանակ ինձ հարց էին տվել, թե ես «մանվելակա՞ն» եմ, ես պատասխանել էի, որ ես ոչմեկական չեմ, ես էջմիածնեցի եմ, ով պատրաստ է ծառայել իր քաղաքին։ Մարդիկ փորձում էին քաղաքում վատ մթնոլորտ ստեղծել, որը նրանց մոտ ինչ-որ չափով ստացվեց։ Ինչ վերաբերում է ինձ նախկինների հետ կապելուն, ապա ես իրենց ժամանակ աշխատել եմ գիտական, կրթական մթնոլորտում, եղել եմ ՀՊՏՀ-ի պրոռեկտորը, դասավանդել եմ այնտեղ։ Այս երկում կարելի է 2 մլն մարդկանց կապել նախկինների հետ, ցանկացած մարդու հնարավոր է կապել, բայց ինչ ասել է նախկին, ես դեմ եմ այս թեզին, որովհետև այն կործանարար է։ Վերջին երեք տարում այս թեզը շատ վատ ուղղությամբ է տարել Հայաստանի Հանրապետությունը»։

Համայնքապետի թեկնածուն ընդգծեց, որ էջմիածնեցին ցանկանում է տեսնել տնտեսապես և սոցիալապես զարգացած քաղաք։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )