Իմ կողմնակիցները սկսեն նույն ձեւով արտահայտվել Ֆեյսբուքում․ Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկեցին դատախազության միջնորդության դեմ՝ նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանում դատավոր Մ․Պապոյանի նախագահությամբ քննվում է Ռ․Քոչարյանի պաշտպանների բողոքը առաջին ատյանի որոշման դեմ, ըստ որի՝ ամբաստանյալի խափանման միջոցը չէր փոփոխվել գրավով։
Պաշտպաններից Հայկ Ալումյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց․ «Այս միջնորդությունը իր ձեւով ինքնաբացարկի միջնորդություն է Ձեզ, բայց իր իրական բովանդակությամբ հետեւյալ միջնորդությունն է․ միջնորդում ենք Ձեզ գործը փոխանցել Արմեն Դանիելյանին։ Միջնորդությունն անհիմն է։ Ես չեմ պատկերացնում, թե ո՞նց կարող է Ձեր անաչառությունը դրվել կասկածի տակ, բայց ես ուզում եմ մենք չփորձենք այսպիսի իրավիճակ ստեղծել, որ, եթե ինչ-որ մեկն ուզում է որեւէ դատավոր իր գործը չքննի, հայտնվի էնպիսի մեկը, որը էդ դատավորի հասցեին ամենավերջին վիրավորանքները տարածի, դատավորը դիմի քրեական գործ հարուցելու եւ սա բավարար լինի, որպեսզի այդ դատավորը չկարողանա այդ գործը քննել»։
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը, նա միացավ պաշտպանական թիմի առարկությանը․
«Մի բան միայն կավելացնեմ․ փաստաբան Ալումյանը փորձեց ներկայացնել, որ սա մի գործիք է ձեւավորվելու, որի երկու կողմն էլ կարող են կիրառել դատական պրակտիկայում, հետաքրքիր օրինակ էր։ Իմ կողմնակիցները սկսեն նույն ձեւով արտահայտվել Ֆեյսբուքում դատախազների, այլ ցածր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, հակառակ կողմը սկսի կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, բայց այս գործիքը միակողմանի օգտագործվող գործիք է, որովհետեւ քրեական գործ հարուցող մարմինները քննչական մարմիններն են , որոնք ուղղակի գործադիր իշխանության տակ են գտնվում»։