Ի՞նչ-որ բա՞ն է կատարվում

Դեկտեմբերի 3-ին Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: «Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ դեկտեմբերի 4-ին նախատեսվող հանդիպմանն ընդառաջ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ մի շարք հարցեր»- ասված է այդ առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրությամբ:
Նույն օրը Զոհրաբ Մնացականյանին եւ Մասիս Մայիլյանին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատի ունենալով, որ երկու օր առաջ վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպում էր ունեցել ԱՀ նախագահի հավանական թեկնածուների, այդ թվում եւ՝ Մասիս Մայիլյանի հետ, Արցախի եւ Հայաստանի ԱԳ նախարարների եւ վարչապետ Փաշինյանի օրակարգում ներքին քաղաքական հարցերը հազիվ թե տեղ են ունեցել: Այդ դեպքում ո՞րն է Արցախի ԱԳ նախարարին վարչապետ Փաշինյանի ընդունելությանը ներկայացնելու իմաստը: Եթե երկու նախարարները քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ մի շարք հարցեր, ապա ինչու՞ է առաջացել վարչապետի հետ հանդիպման անհրաժեշտություն: Մանավանդ որ դա տեղի է ունեցել նույն օրը, երբ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը Բաքվում հայտարարել է, որ, հնարավոր է, Բրատիսլավայում ստորագրվի հնգակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների, հայտարարություն: Ըստ Լավրովի, եթե դա չստացվի, ապա համանախագահ երկրների արտգործնախարարներն ամեն դեպքում հանդես կգան հայտարարությամբ, կամփոփեն արվածը եւ կվերահաստատեն ավելի վաղ հնչեցրած սկզբունքները:
Եթե առաջնորդվենք դիվանագիտական պատշաճության սկզբունքով, ապա պիտի փաստենք, որ Լավրովի ասած հայտարարության տեքստն արդեն իսկ Երեւանում է, ԱԳ նախարարի եւ վարչապետի սեղանին: Այդ փաստաթուղթը քննարկվե՞լ է Արցախի ԱԳ նախարարի հետ: Այս հարցի շուրջ միայն ենթադրություններ կարելի է անել: Բայց ահա Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, որ համանախագահներին առաջարկվել է զեկույց նախապատրաստել անվտանգության միջոցառումների մասին, մամուլում տարածվել է: Ըստ այդմ, «ենթադրվում է տեղահանվածների վերադարձ հինգ շրջան, ապա՝ երկու շրջան, ապա՝ Լեռնային Ղարաբաղ»: Մամեդյարովը հույս է հայտնել, որ Բրատիսլավայում «կհաջողվի բացել առարկայական բանակցությունները»: Իսկ Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան եւ Բաքուն «փոխզիջման հնարավորություն տեսնում են»: Նման հնարավորություն նաեւ Երեւա՞նն է տեսնում: Այն ներկայացվել է Արցախի արտգործնախարարի՞ն: Ինչ-որ բա՞ն է կատարվում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )