<<Հրապարակ>> ԺՊ-ների երկիր Հայաստանս
Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուժային կառույցների ղեկավար ժամանակավոր պաշտոնակատարները դեռ որքա՞ն են պաշտոնավարելու, եւ ե՞րբ է պատրաստվում վարչապետ Փաշինյանը հիմնական ղեկավարներ նշանակել։ «Այդ կառույցները վարչապետի իրավասության ներքո են, ինքն է որոշում կայացնում` երբ։ Երբ որոշեց, կհրապարակայնացնենք։ Ինքն իր դիրքորոշումը հստակ ասել է այդ առնչությամբ»: Պնդում կա, որ հենց ԺՊ-ներն էլ` Էդուարդ Մարտիրոսյանը (ԱԱԾ) եւ Արման Սարգսյանը (ոստիկանություն) կհաստատվեն այդ պաշտոններում։ «Երկրորդեմ` երկու կառույցներն էլ վարչապետի ենթակայութան տակ են, իր լիազորությունների սահմանում կորոշի»: Ի դեպ, խոսակցություններ կան նաեւ Ձեր մասով` արտաքին գերատեսչության հետ կապված։ «Ո՞վ է նման բաներ ասում»: Ժողովուրդը։ «Նման բան չկա, մտածում եմ, որ դա խիստ մտացածին է, Դուք եք հորինել, եւ երրորդ` ես շատ մեծ պատիվ եմ համարում այն գործունեությունը, որով այսօր զբաղվում եմ»: Այսինքն՝ բացառում եք։ «Ես պատասխանեցի»: Ասում են` երբեք մի ասեք երբեք։ «Ուրիշ հարցեր ունե՞ք»: Այո, ունեմ․ ուզում եմ իմանալ` Հայրապետովին արդեն փոխարինող կա՞։ «Ժամանակավոր պաշտոնակատար է եւ ամբողջ ծավալով իրականացնում է իր աշխատանքը»: