Թրամփն ու Շոլցը մտադիր են «խաղաղությունը վերադարձնել Եվրոպա»․ DW
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր առաջին պաշտոնական հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են Բեռլինի և Վաշինգտոնի միջև «երկարատև համագործակցության» շարունակությունը։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը։
Ըստ նրա՝ Շոլցը Թրամփին հրավիրել է «շարունակել երկու երկրների կառավարությունների միջև տասնամյակների հաջող համագործակցությունը»։ Զրույցի ընթացքում երկու քաղաքական գործիչները քննարկել են «աշխարհաքաղաքական ընթացիկ խնդիրները» և պայմանավորվել են «միասին աշխատել՝ խաղաղությունը Եվրոպա վերադարձնելու համար»։ Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ուղղակիորեն չի հիշատակել ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի մասին, որի վաղ ավարտի ուղին ամերիկացի քաղաքական գործիչը նախապես խոստացել էր գտնել։
Զրույցի ընթացքում Շոլցը նաև անձամբ է շնորհավորել Թրամփին վերընտրվելու կապակցությամբ։