Թրամփի վարչակազմը Իրանի դեմ պատժամիջոցների մեծ փաթեթ է պատրաստում. Axios

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իսրայելի և Պարսից ծոցի մի շարք արաբական պետությունների հետ համատեղ Իրանի դեմ պատժամիջոցների մեծ փաթեթ է պատրաստում: Այս մասին գրում է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրները։

Նշվում է, որ գործող իշխանությունները ցանկանում են պատժամիջոցները սահմանել մինչև հունվարի 20-ը, երբ դեմոկրատ Ջո Բայդենը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։

«Վենեսուելայի և Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը կիրակի ժամանել է Իսրայել և հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբատի հետ՝ պատժամիջոցների ծրագիրը քննարկելու համար։ Նոյեմբերի 9-ին Աբրամսը կհանդիպի պաշտպանության նախարար Բենի Հանցի և ԱԳ նախարար Գաբի Աշքենազիի հետ, որպեսզի նրանց տեղեկացնի ծրագրի մասին»,- գրում է լրատվական պորտալը։

Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը կարծում է, որ «պատժամիջոցների նման հոսքը կուժեղացնի ճնշումը Իրանի վրա և Բայդենի վարչակազմի համար կդժվարացնի 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնումը» ։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, պատժամիջոցները կարող են վերաբերել «Իրանի հրթիռային ծրագրին և մարդու իրավունքների խախտումներին»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )