ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում հանդիպել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ գագաթնաժողովում Թրամփը ակնկալում է «ներկայացնել ԱՄՆ դերի իր տեսլականը» Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ուրվագծել իր վարչակազմի նպատակները տարածաշրջանում։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հրավերով հանդիպմանը կարող են մասնակցել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարները, որոնք բացի Սաուդյան Արաբիայից ներառում են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն և Օմանը։
Այլ պետությունների ղեկավարների մասնակցությունը դեռ նախատեսված չէ, սակայն դա չի կարելի բացառել, նշում է պորտալը։ Սպասվում է, որ հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։