Ընդունվեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> օրենքում փոփոխությունների օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրենքի նախագիծը հեղինակել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ:Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը: Ըստ հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանի՝ գործող օրենքով «հեռախոսային

խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը` այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով: ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով՝ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Ըստ նրա՝ կխնայվի նաև ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը: Կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար: Նա նաև տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներ, որի ընդունումը ենթադրում է նաև համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում. կլրամշակվի նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել էր դրական եզրակացություն: Դեկտեմբերի 10-ի խորհրդարանի նիստում այն ընդունվեց 77 կողմ և 19 դեմ ձայներով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )