Էրդողանն ու Թրամփը Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածության պատճառով ստեղծված իրավիճակն են քննարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քննարկվել երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Արևելյան Միջերկրականում թուրք-հունական ընթացիկ լարվածությունը, հաղորդում է ТАСС-ը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան չի զբաղվում տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ, և որ թուրքական իշխանությունները լարվածությունը թուլացնելու և երկխոսելու ուղղությամբ ջանքեր են գործադրել:
Հիշեցնենք, որ Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:

Թուրքիան Լիբիայի՝ Տրիպոլիում տեղակայված կառավարության հետ նախորդ տարվա վերջին համաձայնագիր էր կնքել, որում երկու երկրների ծովային ջրերի սահմանազատման վերաբերյալ առկա դրույթները, Հունաստանի պնդմամբ, հակասում են իր կազմի մեջ մտնող կղզիների տնտեսական շահերին և զրկում են վերջիններին մայրցամաքային ծանծաղուտից օգտվելու հնարավորությունից:
Սրան ի պատասխան՝ օգոստոսի 6-ին Հունաստանն ու Եգիպտոսը ստորագրել են Միջերկրական ծովում սահմանազատման վերաբերյալ համաձայնագիր, որով, ըստ հունական կողմից, ամրագրվում է հունական կղզիների իրավունքը մայրցամաքային ջրերի նկատմամբ և ընդգծում թուրք-լիբիական համաձայնագրի ապօրինի լինելը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )