Երևանում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել, հետախուզվողը դիմել է փախուստի, ապա՝ բերման ենթարկվել ոստիկանություն. shamshyan.com
Նոյեմբերի 28-ին, ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Իսակովի պողոտայում նկատել են հանդիպակած երթևեկող ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ձայնային ազդանշանի միջոցով փորձել են ավտոմեքենան կանգնեցնել, սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների օրինական «կանգ առ» հրահանգին, շարունակել է երթևեկությունը դեպի Բաբաջանյան փողոց, այնուհետև Շերամի փողոցով ուղևորվել է դեպի Հաղթանակ թաղամասի տներից մեկի բակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկները պարզել են, որ վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Հարություն Ա.-ն է, ով ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից գտնվում է հետախուզման մեջ:
Այդ ժամանակ պարեկները փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանության մոտակա բաժին, սակայն նշված տանից դուրս են եկել 2 հոգի՝ կին և տղամարդ ու սկսել քաշքշել պարեկներին՝ խոչընդոտելով վերջիններիս աշխատանքին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկները մի քանի անգամ հորդորել են այդ մարդկանց, որպեսզի չխոչընդոտեն իրենց աշխատանքին, սակայն այդ մարդիկ իրենց ձեռքերում խոհանոցային «չափաջախով» շարունակել են խոչընդոտել: Այդ ժամանակ պարեկները օգտագործել են արցունքաբեր գազ և հետախուզվողին հագցրել են ձեռնաշղթա:
Դրանից հետո նորից շարունակվել է քաշքշուկը և օգտվելով քաշքշուկից, ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի:
Արդեն ժամը 03:30-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասից՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվում 64-ամյա Ս.Ա-ն և 65-ամյա Լ.Ա-ն:
Որոշ ժամանակ անց ոստիկանության Մալաթիայի բաժնից նրանք բաց են թողնվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանությունը ժամը 11:00-ի սահմաններում, «Հաղթանակ» թաղամասում հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել հետախուզվող Հարություն Ա.-ին: