Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն
ՀՀ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից մինչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:
Նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։
Ըստ աղբյուրի՝ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Բացի այդ, Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:
Նշվում է, որ տրանսպորտային համակարգի բարելավման աշխատանքները շարունակական են, և ապագայում նախատեսվում է ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնում, ինչը կնպաստի ավելի արդյունավետ և հարմարավետ հասարակական տրանսպորտի կազմակերպմանը: